Կառավարության որոշումներ

24 Մարտի 2011, 297 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը տալու ընթացակարգը կարգավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականի նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության վերադարձի վկայականը տալու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում նշանակել սույն որոշումից բխող միջոցառումների իրականացման պատասխանատու ստորաբաժանումներ:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգօրյա ժամկետում սահմանել այն դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, որոնք վերադարձի վկայականներ են տրամադրում այն օտարերկրյա պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք ունեցող անձանց, որտեղ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները կամ հյուպատոսական հիմնարկները բացակայում են:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված