10 Փետրվարի 2011, 168 - Ն
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել գնումների գործընթացի կազմակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
3. Սահմանել, որ`
1) օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումները կատարվում են`
ա. տվյալ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով, եթե գնման առարկայի նախահաշվային գինը չի գերազանցում 50 մլն դրամը: Ընդ որում, հաստատված կարգերը պետք է համապատասխանեն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակին և սկզբունքներին,
բ. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե գնման առարկայի նախահաշվային գինը գերազանցում է 50 մլն դրամը.
2) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը՝ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կազմակերպված գնման գործընթացների շրջանակներում կնքված գնման գործարքներում փոփոխությունները և լրացումները, այդ թվում՝ դրանց հիման վրա համաձայնագրերի կնքումն իրականացնում են այն պատվիրատուները, որոնց կարիքների համար կնքվել են այդ գործարքները.
3) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը՝ գնման գործարքներ կնքելու շրջանակներում երաշխիքի ձևով ներկայացված պայմանագրի կատարման ապահովումները կարող են փոխարինվել օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ապահովման ձևով.
4) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը՝ կնքված այն գնման գործարքները, որոնք պատվիրատունների կողմից միակողմանիորեն լուծվել են` գործարքը կնքած անձի կողմից պարտավորություններն ապրանքների, աշխատանքների և ծառայությունների շուկայական գների թանկանալու հանգամանքով պայմանավորված չկատարելու հիմքով, այդ անձանց մասին տեղեկատվությունը չի ներառվում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում և վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում գործարքով նախատեսված պատասխանատվության միջոցներ.
5) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացված թեկնածուն գնումների բողոքարկման խորհրդի կազմում ընդգրկվում է առանց նախապես թեստավորվելու` 2011 թվականի ընթացում սույն որոշման համաձայն գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմացությունը գնահատելու պայմանով,
6) սույն որոշման 1-ին կետով հաստատված` գնումների գործընթացի կազմակերպման կարգի 15-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության պահանջն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի մեկից: Մինչև նշված ժամկետը լրանալը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարն է (նախարար, գերատեսչության ղեկավար և այլն) սահմանում այն գնումների ցանկը, որոնց գնումները համակարգողի լիազորություններն իրականացնում է ԾԻԳ-ը.
7) էլեկտրոնային մրցույթների համակարգի շահագործման նախապատրաստման համար անհրաժեշտ առանձին ապրանքների և աշխատանքի ձեռքբերումը` մինչև 3960000 դրամ ընդհանուր արժեքով, իրականացվում է «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացվելիք գումարների հաշվին` օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ընթացակարգով.
8) մինչև 2011 թվականի հուլիսի 31-ը սույն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպվում են շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգեր՝ նկատի ունենալով, որ ընթացակարգի կազմակերպման մասին գնումների հայտարարությունը և հրավերը հրապարակվելու օրվան հաջորդող 20-րդ աշխատանքային օրը գնման պահանջի դադարման հիմքով չկայացած է հայտարարվում մինչև օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ գնման առարկայի գծով կազմակերպված պարբերական մրցույթը (մրցույթները).
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների անվանացանկերում նշված գնման ձևերի անվանումները և դրանց հապավումները նույնականացվում են օրենքի 17-րդ հոդվածով նախատեսված գնումների ընթացակարգերի անվանումների և հապավումների հետ, հետևյալ եղանակով`
ա. նպատակային մրցույթ (ՆՄ)՝ բաց ընթացակարգ (ԲԸ),
բ. պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող նպատակային մրցույթ (ՆՄ)՝ սահմանափակ ընթացակարգ (ՍԸ),
գ. սահմանափակ մրցույթ (ՍՄ)՝ բաց ընթացակարգ (ԲԸ),
դ. պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող սահմանափակ մրցույթ (ՍՄ)՝ սահմանափակ ընթացակարգ (ՍԸ),
ե. պարբերական մրցույթ (ՊՄ)՝ շրջանակային համաձայնագրերով գնումներ կատարելու ընթացակարգ (ՇՀ),
զ. գնանշման հարցում (ԳՀ)՝պարզեցված ընթացակարգ (ՊԸ),
է. մրցակցային բանակցություններ (ՄԲԱ)՝ բանակցային ընթացակարգ գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու միջոցով (ԲԸՀ),
ը. մեկ անձ (ՄԱ)՝ բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու (ԲԸԱՀ),
թ. մրցակցային բանակցություններ (ՄԲԲ)՝ բանակցային ընթացակարգ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու (ԲԸԱՀ):
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 5-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1460-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 8-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) գնումների գործընթացի կարգավորման և համակարգման ոլորտում`
1) գնումներին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների համակարգումը և ընդունումը կամ դրանք հաստատման ներկայացնելը.
2) գնումների գործընթացի մեթոդական ղեկավարման կազմակերպումը և գնումների գործի կազմակերպման հարցում պատվիրատուներին մեթոդական օժանդակության ցուցաբերումը.
3) պատվիրատուների գնումները համակարգողների մասնագիտական ուսուցման, շարունակական վերապատրաստման և որակավորման գնահատման համակարգի առկայության ապահովումը.
4) տեղեկագրի հրապարակման աշխատանքների կազմակերպումը.
5) գնումների հետ կապված միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների և Հայաստանի Հանրապետության պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության համակարգումը.
6) պետության համար պարտավորություններ առաջացնող գնման գործարքների հաշվառումը.
7) պետական գնումների տարեկան հաշվետվության և գնումների որակավորված մասնագետների (անձանց) ցուցակի հրապարակումը»:
5. Հայաuտանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և կազմակերպությանը հանձնվող գույքի կազմը հաստատելու մասին» N 1904-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրում և 1-ին կետի «ա» ենթակետում «Պետական գնումների գործակալություն» բառերը փոխարինել «Գնումների աջակցման կենտրոն» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
3) որոշման 3-րդ կետից հանել «հիմնարկները» բառը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությունը վերակազմավորելու մասին» N 914-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով պետության կարիքների համար գնումների իրականացումն է» բառերը փոխարինել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված գնումների աջակցման կենտրոնի լիազորությունների իրականացումն է և լիազորված մարմնի լիազորությունների իրականացմանն աջակցելն է» բառերով.
2) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետում «համայնքների, ինչպես նաև իրավաբանական անձանց կարիքների համար գնումների կատարման ծառայությունների մատուցում» բառերը փոխարինել «գնումների բնագավառում մասնագիտական ուսուցում և շարունակական վերապատրաստում, գնումների բնագավառում մասնագիտական՝ ներառյալ իրավական խորհրդատվություն, հրավերների, ներառյալ գնման առարկաների բնութագրերի և մասնակիցներին ներկայացվող որակավորման պահանջների, ինչպես նաև գնման հայտերի և դրանց գնահատման գործընթացի` գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջներին համապատասխանության մասնագիտական փորձաքննություն, գնումների ընթացակարգերի կազմակերպում.» բառերով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման 4-րդ կետի 18-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18) ապահովել պետության կարիքների համար անցկացվող յուրաքանչյուր բաց, սահմանափակ, մրցակցային երկխոսության և բանակցային ընթացակարգերի կազմակերպման մասին հայտարարությունների վերաբերյալ չորս անգամ մետրային հեռուստաալիքով և տասն անգամ ռադիոյով գովազդային հայտարարությունների, ինչպես նաև տարվա ընթացքում չորս անգամ մետրային հեռուստաալիքով և ռադիոյով «Պետական գնումներ» թեմայով հաղորդաշարի հեռարձակումը.»:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) գնման գործընթացում ներգրավված անձանց իրավունքների, այդ թվում՝ բողոքարկման համակարգի մասին տեղեկություններ տրամադրելու նպատակով մետրային հեռուստաալիքով և ռադիոյով ապահովել գնումների համակարգի թեժ գիծ – աջակցման ծառայության վերաբերյալ գովազդային հայտարարությունների հեռարձակումը.
2) մինչև 2011 թվականի հոկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը:
9. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2011 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական և մասնավոր հատվածների գործընկերության գործարքների տեսակները, այդ գործարքների բնութագրերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև բնութագրերի կազմման և հաստատման կարգը:
10. Ուժը կորցրած ճանաչել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող գնումներին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր հնարավոր մասնակիցների որոշման կարգը հաստատելու մասին» N 2274-Ն որոշումը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմնին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշումը:
11. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը՝ սկսված և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված