Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2004, 208 - Ն

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել հաշմանդամ դարձած զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին ցույց տրվող դրամական օգնության ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը և 1-ին կետով հաստատված N 1 ցանկի 2-րդ կետը:

ՀավելվածՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 208 - Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՇՄԱՆԴԱՄ ԴԱՐՁԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ)ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածին համապատասխան, նույն օրենքի 13-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին (այսուհետ՝ հաշմանդամ զինծառայող) և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին (ամուսնուն, ծնողներին, ինչպես նաև նույն օրենքի 16-րդ հոդվածով սահմանված՝ կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամներին, այսուհետ՝ զոհվածի ընտանիք) գազից, ջրամատակարարումից և տրանսպորտից օգտվելու համար դրամական օգնության նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները:

2. Դրամական օգնությունը տրամադրվում է հետևյալ չափերով՝ ա) հաշմանդամ զինծառայողին ՝ ամսական 3000 դրամ. բ) զոհվածի ընտանիքին՝ ամսական 5000 դրամ, իսկ եթե ընտանիքի անդամների թիվը 5-ից ավելի է, ապա 5-ից ավելի անդամ ունեցող ընտանիքի յուրաքանչյուր անձի հաշվով լրացուցիչ տրվում է 1000-ական դրամ:

3. Զոհվածի ընտանիքի բոլոր անդամների համար նշանակվում և վճարվում է մեկ ընդհանուր դրամական օգնություն:

4. Ընտանիքի անդամի պահանջով դրամական օգնության նրա բաժինը համամասնորեն առանձնացվում և վճարվում է առանձին: Դրամական օգնությունն առանձնացվում է այն ամսվան հաջորդող ամսվա սկզբին, երբ ստացվել է առանձնացման մասին դիմումը:

5. Դրամական օգնությունը նշանակվում է համապատասխան մարմնի սոցիալական ապահովության խնդիրներն իրականացնող ստորաբաժանման կողմից (այսուհետ՝ լիազոր մարմին)` հաշմանդամ զինծառայողի կամ զոհվածի ընտանիքի կողմից լիազոր մարմին անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին գրավոր դիմում ներկայացվելու դեպքում:

6. Դրամական օգնություն ստանալու համար հաշմանդամ զինծառայողը դիմումի հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում անձը և իր կարգավիճակը հաստատող փաստաթղթեր ու տեղեկանք` բնակության վայրից: Զոհվածի ընտանիքը դրամական օգնություն ստանալու համար` դիմումի հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում զոհվածի ընտանիքի անդամ ու զինծառայողի զոհված (մահացած) լինելու վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկանք` ընտանիքի անդամի (անդամների) բնակության վայրից:

7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 3 ամսվա ընթացքում լիազոր մարմին դիմելու դեպքում դրամական օգնությունը նշանակվում է 2004 թվականի հունվարի 1-ից, իսկ ավելի ուշ դիմելու դեպքում՝ դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

8. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը կենտրոններից` դրամական օգնություն նշանակված գործերի թվի, դրամական օգնության վճարման գումարների մասին ստացված անհրաժեշտ տվյալներն ամփոփում է ըստ բնակության վայրերի, և բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան մինչև յուրաքանչյուր ամսվա 25-ը (հունվար ամսում` մինչև հունվարի 20-ը) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարումների իրականացման հայտ: Վճարումների իրականացման հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան գումարները փոխանցում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի անվանմամբ բացված գանձապետական հաշիվներին: Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը, նշված գումարներն ստանալուց հետո, բյուջեների կատարման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան ապահովում է յուրաքանչյուր ամիս դրամական օգնության վճարումը ֆիզիկական անձանց՝ պետական կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետներում:

9. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը բյուջեների կատարման մասին հաշվետվություններ ներկայացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն դրամական օգնություն ստացած հաշմանդամ զինծառայողների և զոհված զինծառայողների ընտանիքների` յուրաքանչյուր ամսվա վճարումների, պարտքերի և չվճարված գումարների մասին: