Կառավարության որոշումներ

17 Փետրվարի 2011, 134 - Ն

ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ <<ՍԱԿԱՎԱՊԱՀՈՎ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ>> 10-ՐԴ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ճապոնիայի կառավարության զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության <<Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն>> (նախկինում 2KR) ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը 170 մլն իեն գումարի հաշվին տրամադրված գյուղատնտեսական տեխնիկայի տնօրինումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2009 թվականի սեպտեմբերի 4-ին փոխանակված հայտագրի (այսուհետ` հայտագիր) համաձայն Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհի հաշվին ներկրված 61 միավոր տրակտորը, 7 միավոր գութանը, 3 միավոր հավաքիչ-մամլիչը և 3 միավոր կցասայլակն աճուրդային կարգով իրացնել գյուղատնտեսական կոոպերատիվներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համատեղ գործունեության պայմանագրով գործող գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներին (մասնակիցներին), նախապատվությունը տալով առավել երկար տարիների փորձ ունեցող և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ և բարձր լեռնային համայնքներում գործող կոոպերատիվներին։
2. Ելնելով հայտագրի և 2010 թվականի մարտի 15-ին կնքված <<Գործընկերային հիմնադրամի դեպոզիտ>> պայմանագրի պահանջներից` սահմանել գյուղատնտեսական տեխնիկայի վաճառքի նվազագույն մեկնարկային գինը` տրակտորի մեկ միավորի համար` 4,0 մլն դրամ, գութանի մեկ միավորի համար` 0,8 մլն դրամ, հավաքիչ-մամլիչի մեկ միավորի համար` 3,5 մլն դրամ, կցասայլակի մեկ միավորի համար` 1,0 մլն դրամ։
3. Սահմանել, որ`
1) շահառուներն ընտրվում են մրցութային կարգով` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի N 43 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման հայեցակարգով սահմանված հետևյալ չափորոշիչներից`
ա. մարզային և տարածաշրջանային մակարդակով գյուղատնտեսական տեխնիկայի ապահովվածության մակարդակի վիճակից,
բ. կոոպերատիվների անդամների թիվը պետք է պակաս չլինի 15-ից և կոոպերատիվին սեփականության իրավունքով և վարձակալված մշակովի հողատարածքը (վարելահողեր և բազմամյա տնկարկներ)` 40 հեկտարից,
գ. կոոպերատիվը կամ կոոպերատիվի անդամները պետք է ունենան գյուղատնտեսության մեքենայական աշխատանքների իրականացման փորձ, սեփական և (կամ) վարձակալված գյուղատնտեսական տեխնիկա.
2) շահառուներն ընտրվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հրամանով ստեղծվող Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված մրցութային հանձնաժողովի կողմից.
3) աճուրդն իրականացնող գործակալն ընտրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
4) աճուրդն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով.
5) աճուրդն իրականացնող գործակալի կողմից կատարված ծախսերը փոխհատուցվում են գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցների հաշվին.
6) վաճառված գյուղատնտեսական տեխնիկայի իրացումից գոյացած միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացվող հատուկ հաշվեհամարին և օգտագործվում Ճապոնիայի կառավարության հետ համաձայնեցված գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորման համար։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրել աճուրդն իրականացնող գործակալ` նրա հետ կնքելով գործակալության պայմանագիր.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ելնելով հայեցակարգի իրականացման մեխանիզմներից սահմանել Հայաստանի Հանրապետություն ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի աճուրդով իրացման կարգը.
3) կենտրոնական գանձապետարանում բացել հաշվեհամար` ներկրված գյուղատնտեսական տեխնիկայի դրամայնացումից գոյացած միջոցների հավաքագրման համար.
4) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և <<Նուռնուս>> սահմանափակ պատասխանատվության ընկերության միջև 2000 թվականի օգոստոսի 2-ին կնքված պահառության պայմանագիրը` գյուղատնտեսական տեխնիկայի ստացման, մաքսային ձևակերպման, նույնականացման, հավաքման, կարգաբերման և պահպանման ծախսերը փոխհատուցել <<Նուռնուս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ապրանքների իրացումից գոյացած միջոցների հաշվին։
5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) ապահովել աճուրդով տեխնիկա ձեռք բերած գյուղատնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտների հետ նպատակային օգտագործման պայմանագրի կնքումը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսական տեխնիկան 6-ամսյա ժամկետում չիրացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրա հետագա տնօրինման վերաբերյալ։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։