Կառավարության որոշումներ

23 Հունիսի 2005, 951 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի և 2005 թվականին պետական կարիքների բավարարման համար Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով առանձին ծախսային ծրագրերի գծով նախատեսված հատկացումների գումարների դիմաց «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից անցկացված մրցույթների արդյունքներով առաջացած տնտեսումների և այլ խնայողությունների տնօրինման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:

2. «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի N 15 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 3 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 23 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման N 5 հավելվածի N 18 աղյուսակում կատարել փոփոխություններ` համաձայն N 4 հավելվածի:

5. Պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարժահրապարակների ասֆալտապատման աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 812536.6 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ նորոգումների ծախսեր» հոդվածով)՝ համաձայն N 5 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) սույն որոշման 5-րդ կետում նշված աշխատանքների դիմաց վճարումները կատարել նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա.

բ) համաձայնել, որ սույն որոշման 5-րդ կետով նախատեսված հատկացումների հաշվին սույն որոշման N 5 հավելվածում ընդգրկված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ու շինարարական աշխատանքների գնումները Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից կիրականացվեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի «բ» կետի՝ մեկ անձից գնում կատարելու ձևով` պայմանով, որ նախագծահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները ձեռք կբերվեն 30 օրացուցային օրվա ընթացքում՝ գնման պահանջի ծագման օր համարելով սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը, իսկ շինարարական աշխատանքները ձեռք կբերվեն 90 օրացուցային օրվա ընթացքում՝ գնման պահանջի ծագման օր համարելով այդ աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմանված կարգով հաստատման օրը:

7. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարժահրապարակների ասֆալտապատման շինարարական աշխատանքների կապալի պայմանագրերը կնքել նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված ընդհանուր արժեքների սահմաններում՝ պայմանով, որ այդ աշխատանքներն ամբողջությամբ կկատարվեն 2005 թվականին, կատարված աշխատանքները կֆինանսավորվեն` 2005 թվականին` 270000.0 հազ. դրամի չափով, իսկ մնացած 150000.0 հազ. դրամը՝ 2006 թվականի ընթացքում.

բ) Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոմոբիլային ճանապարհի կմ91 800-կմ95 800 հատվածի հիմնանորոգման շինարարական աշխատանքների կապալի պայմանագիրը կնքել նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված ընդհանուր արժեքի սահմաններում՝ պայմանով, որ այդ աշխատանքներն ամբողջությամբ կկատարվեն 2005 թվականին, կատարված աշխատանքները կֆինանսավորվեն` 2005 թվականին` 42300.0 հազ. դրամի չափով, իսկ մնացած 227700.0 հազ. դրամը՝ 2006 թվականի ընթացքում.

գ) Հ-17, Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի կամրջի հիմնանորոգման շինարարական աշխատանքների կապալի պայմանագիրը կնքել նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված ընդհանուր արժեքի սահմաններում` պայմանով, որ այդ աշխատանքներն ամբողջությամբ կկատարվեն 2005 թվականին, կատարված աշխատանքները կֆինանսավորվեն` 2005 թվականին` 10000.0 հազ. դրամի չափով, իսկ մնացած 5000.0 հազ. դրամը՝ 2006 թվականի ընթացքում.

դ) պետական խճուղի - Կարբի ավտոճանապարհի հիմնանորոգման շինարարական աշխատանքների կապալի պայմանագիրը կնքել նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված ընդհանուր արժեքի սահմաններում՝ պայմանով, որ այդ աշխատանքներն ամբողջությամբ կկատարվեն 2005 թվականին, կատարված աշխատանքները կֆինանսավորվեն` 2005 թվականին` 10000.0 հազ. դրամի չափով, իսկ մնացած 10000.0 հազ. դրամը՝ 2006 թվականի ընթացքում.

ե) պետական խճուղի - Մարալիկ ավտոճանապարհի հիմնանորոգման շինարարական աշխատանքների կապալի պայմանագիրը կնքել նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված ընդհանուր արժեքի սահմաններում՝ պայմանով, որ այդ աշխատանքներն ամբողջությամբ կկատարվեն 2005 թվականին, կատարված աշխատանքները կֆինանսավորվեն` 2005 թվականին` 10000.0 հազ. դրամի չափով, իսկ մնացած 20000.0 հազ. դրամը՝ 2006 թվականի ընթացքում:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկել՝

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարժահրապարակների ասֆալտապատման շինարարական աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը` 150000.0 հազ. դրամ.

բ) Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոմոբիլային ճանապարհի կմ91 800-կմ95 800 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը՝ 227700.0 հազ. դրամ.

գ) Հ-17, Արմավիր-Իսահակյան-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի կամրջի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը` 5000.0 հազ. դրամ.

դ) պետական խճուղի - Կարբի ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը՝ 10000.0 հազ. դրամ.

ե) պետական խճուղի - Մարալիկ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման մնացորդային արժեքը՝ 20000.0 հազ. դրամ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։