Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2005, 947 - Ն

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) կարիքավոր ընտանիքներին բնակարանային հաշվառման վերցնելու և բնակարանային պայմանները բարելավելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագիծը կազմելիս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտի հիման վրա քննարկել զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին բնակարանային պայմանների բարելավման նպատակով ֆ‎ինանսական միջոցների նախատեսման հնարավորության հարցը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` տարվա յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 20-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել տվյալներ Հայաստանի Հանրապետության տարածաշրջաններում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների ձևավորված շուկայական միջինացված արժեքի մասին:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել համայնքների (Երևան քաղաքի թաղային համայնքների) ղեկավարներին ստեղծել բնակարանային հարցերի հանձնաժողով` ուսումնասիրելու և ստուգելու զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների բնակարանային պայմանները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։