Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2004, 207 - Ն

ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ՀԱՎԱՍԱՐԵՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին և 1994 թվականի ապրիլի 15-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների միջև կնքված «Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, հաշմանդամների, այլ պետությունների տարածքներում մարտական գործողությունների մասնակիցների և զոհվածների ընտանիքների արտոնությունների և սոցիալական երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» միջպետական համաձայնագրին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, նրանց հավասարեցված անձանց և զոհվածների ընտանիքներին դրամական օգնության նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից այլ խմբերի քաղաքացիներին տրված անվճար երթևեկության նույնատիպ վկայականների փոխարեն այլ տիպի վկայականների պատրաստման ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցելու վերաբերյալ:

3. Ուժը կորցրած ճանաչել` ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու միջոցառումների և առանձին խմբերի քաղաքացիների արտոնությունների մասին» N 251 որոշման 2-րդ կետի «ա» և «գ» ենթակետերն ու որոշման 1-ին կետով հաստատված N 1 ցանկի 1-ին և 4-րդ կետերը. բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով Հայրենական մեծ պատերազմի վետերաններին դրամական փոխհատուցման նշանակման և վճարման կարգը հաստատելու մասին» N 1354-Ն որոշումը: