Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2005, 938 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԱՆՀԱՏԱԿԱՆ (ԱՆՁՆԱՎՈՐՎԱԾ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ, 43-րդ, 65-րդ, 66-րդ և 67-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազան ձևավորելու և վարելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) անհատական հաշիվ բացելու մասին հայտի և անհատական հաշվետվության ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների.

գ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրվող տեղեկատվության ցանկը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սահմանել, որ`

ա) պետական կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում ընդգրկված անձանց տվյալների անհատական (անձնավորված) հաշվառման բազան (այսուհետ` տվյալների բազա) ձևավորում և վարում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը.

բ) գործատուները (այդ թվում` անհատ ձեռնարկատերերը, նոտարները)` իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձանց, իսկ անհատ ձեռնարկատերերը, նոտարները և ֆիզիկական անձինք` իրենց տվյալները Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ են ներկայացնում անհատական հաշիվ բացելու մասին հայտի և անհատական հաշվետվության ձևերին համապատասխան` հետևյալ ժամկետներում`

անհատական հաշիվ բացելու մասին հայտերը ներկայացվում են մինչև 2005 թվականի հոկտեմբերի 1-ը կամ աշխատանքային պայմանագիր կնքելուց հետո` մեկ ամսվա ընթացքում,

ընթացիկ անհատական հաշվետվությունները ներկայացվում են տարեկան մեկ անգամ` մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը, ընդ որում, 2004 թվականի համար տարեկան անհատական հաշվետվությունները ներկայացվում են մինչև 2005 թվականի դեկտեմբերի 1-ը,

սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված դեպքերում անհատական հաշվետվությունները (բացի ընթացիկ անհատական հաշվետվություններից) ներկայացվում են` սկսած 2005 թվականի հոկտեմբերի 1-ից.

գ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված կարգով որպես ապահովադիր գրանցված կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք անհատական հաշիվ բացելու մասին հայտ և անհատական հաշվետվություն են ներկայացնում սույն որոշմամբ հաստատված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին`

ա) Հայաստանի Հանրապետության նախարարների, Հայաստանի Հանրապետության մարզպետների, Երևանի քաղաքապետի, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների, գործատուների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` ապահովել սույն որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա անձանց անհատական (անձնավորված) հաշվառում կատարելը.

բ) յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել հաշվետվություն պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման աշխատանքների ընթացքի մասին.

գ) անհատական հաշվետվությունների հիման վրա ներկայացված` հաշվարկված, վճարված և Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե մուտքագրված սոցիալական վճարների մասին տվյալները համեմատել տվյալների բազայի և հարկային մարմինների ու գանձապետական մարմինների տվյալների հետ և առաջացած տարբերությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը` դրանց պատճառները ճշտելու և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տեղեկացնելու նպատակով.

դ) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրել տվյալների բազան` իր ծրագրային ապահովմամբ, իսկ եռամսյակը մեկ անգամ` սույն որոշման 5-րդ կետի «բ» ենթակետով և 6-րդ կետով սահմանված` համատեղ հաստատված կարգով` տվյալների բազայի և դրա ծրագրային ապահովման մեջ կատարված փոփոխությունները.

ե) 2006 թվականից սկսած` տվյալների բազան վարելու համար ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

ա) սահմանված կարգով ստացված տվյալների բազայի տվյալները համադրել սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի տվյալների հետ և համադրման արդյունքները տրամադրել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` տվյալների բազայում համապատասխան փոփոխություններ կատարելու և համապատասխան որոշումներ ընդունելու նպատակով.

բ) տվյալների բազայի լիարժեք ձևավորումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ կենսաթոշակ նշանակելիս ֆիզիկական անձի ձեռք բերած ապահովագրական ստաժն անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների հիման վրա հաշվարկելու ժամկետների և կարգի վերաբերյալ:

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին`

ա) մեկամսյա ժամկետում մշակել, համատեղ հաստատել և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցել անհատական հաշիվ բացելու մասին հայտի և անհատական հաշվետվության ձևերը լրացնելու կարգերը, ինչպես նաև սույն որոշման N 1 հավելվածով նախատեսված` տվյալների բազայի ձևավորման և վարման համար անհրաժեշտ փաստաթղթերի (անհատական հաշիվ բացելու մասին որոշում, հաշվառումը մերժելու մասին որոշում, տվյալները ճշտելու վերաբերյալ հարցում, ապահովագրական ստաժի մասին տեղեկանք, անհատական հաշվից քաղվածքի տրամադրման մասին ապահովագրված անձի դիմում, ապահովագրված անձի անհատական հաշվից քաղվածք, տիտղոսաթերթ, ամփոփաթերթ) ձևերը և դրանք լրացնելու կարգերը.

բ) մինչև 2005 թվականի սեպտեմբերի 1-ը համատեղ հաստատել սոցիալական ապահովության քարտերի տեղեկատվական բազայի հետ տվյալների համադրում իրականացնելու և տվյալների բազա ներառվող` քաղաքացու սոցիալական ապահովության քարտի համարի հավաստիությունը ճշտելու, ինչպես նաև տվյալների բազան Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրելու կարգերը.

գ) համատեղ հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` գործազուրկ քաղաքացիների` գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածների մասին տվյալները, ինչպես նաև հաշմանդամների մասին տվյալները Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ ներկայացնելու կարգը:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` եռամսյա ժամկետում մշակել և համատեղ հաստատել անհատական հաշվետվության ձևով ու «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հաշվետվության համաձայն ներկայացված տվյալները համադրելու, անհամապատասխանությունները ճշտելու և դրանք վերացնելու նպատակով տեղեկատվության փոխանակման կարգը, ինչպես նաև տվյալների բազան Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը տրամադրելու կարգը:

7. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա պարբերականությամբ, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին էլեկտրոնային տարբերակով տրամադրել սույն որոշման N 4 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը:

8. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին և պետական կառավարման մյուս մարմինների ղեկավարներին` համակողմանիորեն օժանդակել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին` պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության համակարգում անհատական (անձնավորված) հաշվառման համակարգը ներդնելու և դրան առնչվող աշխատանքները լուսաբանելու գործում:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: