Կառավարության որոշումներ

23 Դեկտեմբերի 2010, 1719 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի
N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Դպրոցաշինություն ծրագրի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի` «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմե պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը (տրանսպորտային միջոցներ, մեքենաներ և սարքավորումներ, արտադրական և տնտեսական գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր։
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2010 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր, իսկ սույն որոշման հավելվածի N 1 ցանկում ներկայացված գույքի գնորդի հետ կնքվող պայմանագրում նախատեսել նաև, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը։
4. Վճարումները կատարել աճուրդի արձանագրության ստորագրման օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված