Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2005, 930 - Ն

ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ (ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ), ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՏԵՍԱԿ ՓՈԽԵԼՈՒ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԳՈՐԾ (ՓԱՍՏԱԹՂԹԵՐ) ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ և 26-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել, որ զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ նշանակող իրավասու մարմիններն են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության, Հայաստանի Հանրապետության դատախազության և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան իրավասու ստորաբաժանումները:

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը նշանակում և վճարում է Հայրենական մեծ պատերազմի, ԽՍՀՄ զինված ուժերում զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած շարքային կազմի զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց կենսաթոշակները, ինչպես նաև նշված կատեգորիաների անձանց մահվան դեպքում՝ նրանց ընտանիքների անդամների՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակները։

2. Հաստատել՝

ա) զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

գ) կենսաթոշակի գործերի հաշվառման մատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

դ) կենսաթոշակի գործերի հաշվառման գլխավոր մատյանի ձևը` համաձայն N 4 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության պետին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին` եռամսյա ժամկետում մշակել և հաստատել կենսաթոշակի նշանակման (մերժման) մասին հաշվարկ - կարգադրության ձևը, զինվորական ծառայության ժամկետի և ապահովագրական ստաժի հաշվարկի ձևը, կենսաթոշակի վկայականի ձևը և կենսաթոշակի հաշվարկի քարտերի ձևերը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2005 թվականի հունվարի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: