25 Նոյեմբերի 2010, 1603 - Ն
ԴԵՂԵՐԻ ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի N 1272-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի 26-րդ կետը, ինչպես նաև դեղերի արտադրության պատշաճ որակի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ`
1) դեղերի պատշաճ արտադրական գործունեության հավաստագիրը տրվում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման լիցենզիա և դեղերի պատշաճ արտադրական գործունեության վերաբերյալ հավաստագրեր տրամադրելու իրավասություն տվող միջազգային համապատասխան հավատարմագիր ունեցող կազմակերպության կողմից.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեղերի արտադրության լիցենզիա ունեցող անձինք պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին` մինչև 2013 թվականի հունվարի 1-ը:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) մեկամսյա ժամկետում ներկայացնել ժամանակացույց դեղերի պատշաճ արտադրական գործունեության կանոնները Հայաստանի Հանրապետությունում ներդնելու և դեղերի շրջանառության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետությունում տրվող դեղերի պատշաճ արտադրական գործունեության հավաստագրի միջազգային ճանաչման նպատակով միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը միջազգայնորեն ընդունված եղանակներով և կառույցներում հավատարմագրելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից: