Կառավարության որոշումներ

14 Հոկտեմբերի 2010, 1347 - Ն

«ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Չարենցի 17 հասցեում գտնվող` 1896.0 քառ. մետր շինությամբ և շենքի սպասարկման համար նախատեսված 0.0754 հեկտար հողատարածքով (այսուհետ` գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` օրենքով սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` օրենքով սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրագրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի տնօրինման վերաբերյալ:
6. Թույլատրել «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրեն ամրացված` Երևան քաղաքի Կոմիտասի 49/3 շենքից առավելագույնը 920 քառ. մետր տարածք մինչև 10 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, վարձակալության իրավունքով հանձնել ընկերությանը` կնքելով համապատասխան պայմանագիր:
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հան-րապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել սույն որոշման 6-րդ կետում նշված տարածքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և ընկերության հետ համապատասխան պայմանագրի կնքումը: