14 Հոկտեմբերի 2010, 1338 - Ն
2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի հոկտեմբերի 7 -ի <<2010 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին>> ՆՀ-241-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. 2010 թվականի աշնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2010 թվականի աշնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներում ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2010 թվականի աշնանային զորակոչն անցկացնել սահմանված կարգով` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև այդ մասին հաղորդում ուղարկել Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանների և մարզերի դատախազություններ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
1) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.
2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2010 թվականի աշնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2010 թվականի աշնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութեր, ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել <<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների` հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը, ըստ համակարգման բնագավառների, հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին և առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված