30 Սեպտեմբերի 2010, 1291 - Ն
ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով նպաստելու ոռոգման ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ու շարունակականության ապահովմանը, ինչպես նաև աջակցելու ջրօգտագործողների ընկերություններին՝ ֆինանսական վիճակի բարելավման ու ինստիտուցիոնալ կարողությունների հետագա հզորացման հարցերում և հիմք ընդունելով 2009 թվականի դեկտեմբերի 16-ին «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ - Հայաստան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման խորհրդի կողմից ընդունված` Հայաստանի Հանրապետության ոռոգման ոլորտի ազգային քաղաքականության հայեցակարգը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ ջրօգտագործողների ընկերություններին պետական աջակցության միջնաժամկետ ռազմավարությանը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել ջրօգտագործողների ընկերություններին ընթացիկ դրամաշնորհների տեսքով պետական ֆինանսական աջակցության տրամադրման հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
2) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել օրենքներում և այլ իրավական ակտերում՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված ռազմավարությունից բխող փոփոխությունների փաթեթների նախագծերը։