18 Մարտի 2010, 316 - Ա
«ԱՎԱԳ ՇԻՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ենթակայության՝ «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն) ամրացված անշարժ գույքը` համաձայն հավելվածի, հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ)` պայմանով, որ գնորդը պարտավոր է ձեռք բերվող անշարժ գույքի հատկացված հողամասի տարածքում իր կողմից կառուցվելիք բազմահարկ, բազմաֆունկցիոնալ բնակելի շենքից` 1796,9 քառ. մետր բարեկարգված և ժամանակակից հագեցվածությամբ տարածք վաճառել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության։
2. Ուղղակի վաճառքի ձևով օտարվող գույքի վաճառքի գինը սահմանել 866 200 000 դրամ, ինչը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան լիցենզավորված անկախ գնահատողների կողմից 2009 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ գնահատված գույքի արժեքին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում գնորդի հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել սույն որոշման հավելվածում նշված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր` հետևյալ հիմնական պայմաններով`
ա. գինը` 866 200 000 դրամ (ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չէ), որը հավասար է սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված նախնական պայմանագրով նախատեսված` ԱԱՀ-ն ներառող գնին,
բ. գնի վճարման կարգը և ժամկետը` միանվագ բանկային փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային հաշվին` պայմանագրի կնքումից հետո երկու տարվա ընթացքում,
գ. Երևանի Նալբանդյան 106/1 հասցեում գտնվող հողամասը և դրա վրայի հետագա բարելավումները (առկա շենքը քանդելուց հետո նոր կառույցը` անկախ պատրաստվածության աստիճանից) հանդիսանում են վաճառողի մոտ գրավ` ի ապահովումն գնի վճարային պարտավորության.
2) Երևանի Նալբանդյան 106/1 հասցեում կառուցվելիք բազմաֆունկցիոնալ, բազմահարկ շենքից 1796,9 քառ. մետր բարեկարգված և ժամանակակից հագեցվածությամբ անշարժ գույքի (ընդհանուր հողամասի համապատասխան բաժնային սեփականության իրավունքով հանդերձ) նախնական առուվաճառքի պայմանագիր կնքել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում` հետևյալ հիմնական պայմաններով`
ա. անշարժ գույքը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության սեփականությանը հանձնվում է նախնական առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո երկու տարվա ընթացքում,
բ. հիմնական պայմանագրի կնքման ժամկետը` Երևանի Նալբանդյան 106/1 հասցեում բազմահարկ, բազմաֆունկցիոնալ շենքի շինարարության շահագործման փաստագրման ակտի կազմումից հետո 10 օրվա ընթացքում,
գ. հիմնական պայմանագրի գինը` 866 200 000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն),
դ. հիմնական պայմանագրով գնի վճարման կարգը և ժամկետը` միանվագ բանկային փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության արտաբյուջետային հաշվից` հիմնական պայմանագրի կնքումից հետո 7 բանկային օրվա ընթացքում,
ե. անշարժ գույքի բարեկարգման և ժամանակակից հագեցվածության համար անհրաժեշտ «ԱՎԱԳ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարվող ծախսերը` 45 000 000 դրամ,
զ. կառուցապատման նախագծային փաստաթղթերի հաստատումը` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված։
4. Գնորդը պայմանագրային պարտավորություն է ստանձնում կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցված, Երևանի Կենտրոն վարչական շրջանում իր միջոցներով վարձակալել շենք և մինչև սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված ժամկետի լրանալն անհատույց հանձնել կազմակերպության օգտագործմանը։
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող պայմանագրերի նոտարական վավերացման և դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի միջոցներով։