Կառավարության որոշումներ

3 Սեպտեմբերի 2010, 1120 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության «Սյունիք» ռեստորանի տարածքը և գույքը (այսուհետ` գույք) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ, քաղ. Ջերմուկ) մասնավորեցնել մրցույթով:
2. Սահմանել `
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2010 թվականի մարտի 11-ին գույքի գնահատված արժեքը` 130475 հազ. դրամ.
2) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 260950 հազ. դրամ.
3) մրցույթում հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 2800 քառ. մետր մակերեսով հողատարածքը` կադաստրային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, զբաղեցրած հողատարածքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթում հաղթողի կողմից (այսուհետ`գնորդ) առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 480600 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
1) գույքի վաճառքի համար առաջարկվող գինը (կշիռը` 0.5).
2) ներդրումների չափը` առաջիկա երեք տարվա կտրվածքով (կշիռը` 0.2).
3) սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ (կշիռը` 0.3):
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել համայնքային բյուջե:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: