26 Օգոստոսի 2010, 1084 - Ն
«ԼԱԶՈՒՐ» ԿՈՄԲԻՆԱՏ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ «ԼԱԶՈՒՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության ենթակայության «Լազուր» կոմբինատ» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Սահմանել, որ`
1) «Լազուր» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` պետական կազմակերպություն) գործունեության հիմնական առարկան և նպատակն են լիազորված պետական մարմնի հանձնարարությամբ՝ պետական պահուստի պարենային ապրանքների պահեստավորումը, պահպանումը, սպասարկումը, թարմացումը, փոխարինումը և բացթողումը.
2) պետական կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա. պետական պահուստի ապրանքների արտադրություն, վերամշակում, փաթեթավորում,
բ. ապրանքների պահպանման ծառայության մատուցում:
3. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե», «է» ենթակետերով և 14-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
4. Սահմանել, որ «Լազուր» կոմբինատ» պետական հիմնարկի պետական սեփականություն հանդիսացող գույքը`
1) բացառությամբ շենքերի, շինությունների, թանկարժեք մետաղների ու քարերի, պատմամշակութային նշանակություն ունեցող և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի՝ 1.753.480 դրամ արժեքով, սեփականության իրավունքով, հանձնվում է պետական կազմակերպությանը.
2) 271.616.466 դրամ արժեքով շենքերն ու շինությունները հանձնվում են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել պետական կազմակերպությանը` կնքելով համապատասխան պայմանագիր:
6. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին`
1) մեկամսյա ժամկետում հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը.
2) մեկամսյա ժամկետում հաստատել պետական կազմակերպությանը սեփականության և (կամ) անժամկետ օգտագործման իրավունքով հանձնվող գույքի կազմը.
3) պետական կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել դրա պետական գրանցումը:
7. Պետական կազմակերպության կանոնադրության պետական գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշումից բխող գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պահպանման համար նախատեսված միջոցների հաշվին:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: