Կառավարության որոշումներ

19 Օգոստոսի 2010, 1050 - Ն

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՄԵՇԻ ՄԻՍ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հնդկաստանի Հանրապետությունում գոմեշի միս արտադրող կազմակերպություններին ներկայացվող չափանիշները` համաձայն N 1 հավելվածի, որոնց բավարարման դեպքում այդ կազմակերպությունների արտադրանքը կարող է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն:
2. Հնդկաստանի Հանրապետությունում գործող կազմակերպության՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված չափանիշներին համապատասխանությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում տրված եզրակացությամբ, որը կազմվելուց հետո 5-օրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե: Ուսումնասիրությունն իրականացվում է շահագրգիռ կողմի դիմումի հիման վրա` երկամսյա ժամկետում:
3. Հաստատել Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետություն արտահանվող գոմեշի մսի արտադրության նկատմամբ հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության սննդի անվտանգության գծով ներկայացուցչի (այսուհետ` ներկայացուցիչ) գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` համապատասխան մաքսային ձևակերպումներ կատարելիս`
1) թույլատրել Հնդկաստանի Հանրապետությունում արտադրված գոմեշի մսի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն, եթե այն արտադրվել է սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքային խմբի դրական եզրակացությունն ստացած կազմակերպությունների կողմից.
2) ստուգել Հնդկաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից տրված՝ արտահանվող գոմեշի մսի յուրաքանչյուր խմբաքանակի համար համապատասխան փաստաթղթերի ու ներկայացուցչի կողմից տրված տեղեկանքի առկայությունը և միայն դրանց համապատասխանության դեպքում կատարել համապատասխան ձևակերպումները.
3) յուրաքանչյուր ներմուծվող գոմեշի մսի խմբաքանակի համար կազմվող համապատասխան մաքսային փաստաթղթերում կատարել հատուկ գրառումներ` նշելով ներկայացուցչի կողմից տրված տեղեկանքի համարը: Տեղեկանքի բնօրինակը պահվում է մաքսային ձևակերպումներն իրականացնող մաքսային մարմնում:
5. Ներկայացուցչին` աջակցել սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքային խմբի գործունեությանը և տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն Հնդկաստանի Հանրապետությունում գոմեշի մսի արտադրության ու Հայաստանի Հանրապետություն արտահանման մասին:
6. Հնդկաստանի Հանրապետությունում արտադրված գոմեշի մսի՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման վերաբերյալ` սույն որոշմամբ չկարգավորված անասնաբուժական պետական հսկողության այլ ընթացակարգերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի «Անասնապահական բեռների միջազգային և միջպետական փոխադրումների ժամանակ անասնաբուժական պետական հսկողության կարգը սահմանելու մասին» N 1228-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված