Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2005, 789 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԻՍԻԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ՈՒՅԾԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1' հավելվածների.

բ) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ույծի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 2' հավելվածների:

2. Սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան` Ույծի գյուղական համայնքի սահմաններում գտնվող 42.59 հեկտարը, այդ թվում` 27.92 հեկտար բնակավայրերի, 11.5 հեկտար արդյունաբերության և ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, 3.17 հեկտար էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր, ընդգրկել Սիսիանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին`

ա) Սիսիանի քաղաքային և Ույծի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռները և համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելուն վերաբերող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված նկարագրերին համապատասխան.

բ) Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների սահմանանիշերի կոորդինատների ժողովածուի հրատարակումից հետո հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ Սիսիանի քաղաքային և Ույծի գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։