12 Օգոստոսի 2010, 990 - Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը <<Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցը` <<ՏՈՒ-134-A ԵԿ-65072>> մակնիշի օդանավը (թողարկման տարեթիվը`1977 թվական, գործարանային համարը` 49972) (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2010 թվականի հունիսի 22-ի դրությամբ գնահատված արժեքը` 600168 հազ. դրամ.
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը` 600168 հազ. դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարի մասին.
2) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 420000 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի (օդանավի) պետական հաշվառման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Վճարումները կատարել արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով <<Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր>> գանձապետական հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: