Կառավարության որոշումներ

5 Օգոստոսի 2010, 973 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի էներգետիկ ոլորտում ներդրողների վարկային պահանջարկը բավարարելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով էներգետիկ ոլորտում ներդրողների վարկավորման Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի երկարատև և հաջողված փորձը և ղեկավարվելով <<Հիմնադրամների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (այսուհետև` հիմնադրամ) կողմից 100 տոկոս մասնակցությամբ վարկային կազմակերպության հիմնադրումը` փակ բաժնետիրական ընկերության կազմակերպաիրավական տեսակով և 200 մլն դրամ կանոնադրական կապիտալով։
2. Սահմանել, որ`
1) հիմնադրվող վարկային կազմակերպության կանոնադրական կապիտալի համալրման նպատակով հիմնադրամին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվում է 200 մլն դրամ որպես հիմնադրի ներդրում` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և հիմնադրամի միջև 2006 թվականի հուլիսի 12-ին կնքված` «Վերականգնվող էներգետիկայի ծրագիրե զարգացման վարկի համաձայնագրով նախատեսված միջոցների կառավարման մասին գործակալության համաձայնագրով հիմնադրամի կողմից կառավարվող վարկային ռեսուրսներից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վաղաժամկետ վերադարձված միջոցների հաշվին.
2) հիմնադրամի կողմից հիմնադրված վարկային կազմակերպության լիցենզավորումից հետո վարկավորման ռեսուրսի ձևավորման նպատակով ֆինանսական միջոցները տրամադրվում են`
ա. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և հիմնադրամի միջև 2006 թվականի հուլիսի 12-ին կնքված` «Վերականգնվող էներգետիկայի ծրագիրե զարգացման վարկի համաձայնագրով նախատեսված Վերականգնվող էներգետիկայի ծրագրի միջոցների կառավարման մասին գործակալության համաձայնագրով նախատեսված միջոցներից` որպես բյուջետային վարկ` գործակալության համաձայնագրով սահմանված տոկոսադրույքով, մարման ժամկետներով, ապահովման միջոցների տեսակով,
բ. քաղաքային ջեռուցման ծրագրի ներքո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և հիմնադրամի միջև 2006 թվականի հունվարի 30-ին կնքված լրացուցիչ վարկի համաձայնագրով հիմնադրամին տրամադրված ենթավարկից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձվող միջոցների հաշվին, որպես բյուջետային վարկ` լրացուցիչ վարկի համաձայնագրով սահմանված տոկոսադրույքով, մարման ժամկետներով և ապահովման միջոցների տեսակներով, ընդ որում, հիմնադրամին ներգրավելով որպես նախարարության գործակալ։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված նպատակով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը (հիմնադրամին տրամադրելու համար) Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեից միջոցներ հատկացնելու վերաբերյալ։
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված վարկավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում միջոցներ նախատեսելու վերաբերյալ։