Կառավարության որոշումներ

29 Հուլիսի 2010, 971 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2010-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՑՈՐԵՆԻ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՍԵՐՄԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով <<Սերմերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ցորենի սերմնաբուծությունը և սերմարտադրությունը զարգացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականների ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Ծրագրի իրականացման նպատակով թույլատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`
1) <<Սերմերի գործակալություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի <<Սեմենա Ստավրոպոլյա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ձեռք բերել և Հայաստանի Հանրապետություն ներմուծել 950 տոննա սերմացու ցորեն, որից` Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում չգրանցված <<Բատկո>>, <<Կոլեգա>>, <<Եսաուլ>>, <<Յուբիլեյնի 100>>, <<Նոտա>> և <<Տանյա>> սորտերի աշնանացան ցորենի` 823 տոննա և ցանկում գրանցված <<Կրասնոդար 99>> սորտից 127 տոննա.
2) <<Սերմերի գործակալություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետություն ներմուծել Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի <<Սեմենա Ստավրոպոլյա>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց տրամադրվող Հայաստանի Հանրապետության տարածքում օգտագործման և հետագա բազմացման նպատակով գրանցված բույսերի սորտերի ցանկում չգրանցված աշնանացան ցորենի սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված 6 սորտի` յուրաքանչյուրից` 7.6-ական տոննա (ընդամենը 45.6 տոննա), սորտափորձարկման նպատակով 23 նոր սորտի` յուրաքանչյուրից` 300-ական կգ (ընդամենը 6.9 տոննա) և ցանկում գրանցված <<Կրասնոդար 99>> սորտի 7.6 տոննա էլիտային վերարտադրության սերմացուները` ընդամենը 60.1 տոննա։
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` <<Սերմերի գործակալություն>> պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով կազմակերպել սերմացուների ձեռքբերումը` համապատասխան պայմանագրեր կնքելով Հայաստանի Հանրապետությունում բարձր վերարտադրության (էլիտա) սերմերի արտադրությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հետ։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`
1) սկսած 2010 թվականի սեպտեմբերի 1-ից` պարբերաբար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել հաշվետվություն ծրագրի իրականացման մասին.
2) մեկշաբաթյա ժամկետում հաստատել սույն որոշման 5-րդ կետով նախատեսված միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը։
5. Սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 40-րդ կետի արդյունավետ իրականացման և մոնիթորինգն ապահովելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, ծրագրում ընդգրկված մարզերի մարզպետարանների, Հայկական զարգացման գործակալության, հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանական հարցերի հանձնաժողովի, <<Գյուղատնտեսության ասոցիացիաների ֆեդերացիա>> և <<Ֆերմերների ազգային միություն>> հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։
Հավելված