Կառավարության որոշումներ

16 Հունիսի 2005, 880 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1840-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՔ ԳԼՈԲԱԼ` «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ», «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻՑ ԲԽՈՂ` ԽԱՉԱՁԵՎՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1840-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 3-րդ կետի «բ» ենթակետում «կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը» բառերը փոխարինել «միջոցառումների ցանկը» բառերով:

2. Հաստատել երեք գլոբալ` «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին» և «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիաներից բխող` խաչաձևվող խնդիրների իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի, Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտորի հետ համատեղ՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն սույն որոշման հավելվածով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մասին:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 30-րդ օրը սույն որոշման 3-րդ կետում նշված տվյալներն ամփոփել և Հայաստանի Հանրապետություն կառավարություն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել միջազգային բնապահպանական կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների` խաչաձևվող խնդիրների կատարմանը նպատակաուղղված միջոցառումների իրականացման ընթացքի մասին հաշվետվություն:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: