29 Հունիսի 2005, 871 - Ն
ՄԵՂՐԻ-ՇՎԱՆԻՁՈՐ-ՎԵՐԻՇԵՆ-ՇԻՇԿԵՐՏ-ԾԱՎ-ԿԱՊԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԻ ԾՐԱԳԾԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 600-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի նախագծային և շինարարական աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Շիշկերտ-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի ծրագիծը` 96.4 կմ երկարությամբ և 185.6 հեկտար մակերեսով` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Մեղրու, Կապանի քաղաքային և Ալդարայի, Շվանիձորի, Շիշկերտի, Ծավի, Սրաշենի, Շիկահողի, Ճակատենի, Գեղանուշի ու Գոմարանի գյուղական համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված հողամասում գտնվող հողերի կատեգորիաների անհրաժեշտ փոփոխություն կատարելու, ինչպես նաև այլ անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի դիմաց փոխհատուցման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` շինարարության ժամկետները չխախտելու նպատակով`
ա) թույլատրել Վերիշեն-Շիշկերտ-Ծավ հատվածի շինարարական և նախագծային աշխատանքներն իրականացնել զուգընթաց` ուժի մեջ թողնելով պետական կապալի «Դորոժնիկ» և «Կապավոր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների հետ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից կնքված պետական կապալի 2005 թվականի ապրիլի 26-ի N ԱՇՁԲ-05/54-3, 2005 թվականի մայիսի 17-ի N ԱՇՁԲ-05/70 և 2005 թվականի ապրիլի 28-ի N ԱՇՁԲ-05/54-4 պայմանագրերը,
բ) կապալառու կազմակերպությունների կողմից կատարված շինարարական աշխատանքների դիմաց վճարումները կատարել նշված պայմանագրերում ներառված նախահաշիվներով սահմանված աշխատանքների միավոր գների հիման վրա,
գ) նախագծային աշխատանքների ավարտից հետո` սույն կետում նշված պայմանագրերում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան կատարել փոփոխություններ` միավոր գները թողնելով անփոփոխ:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 5-ի «Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի Շվանիձոր-Վերիշեն-Ծավ հատվածի ծրագծի մասին» N 600-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։