Կառավարության որոշումներ

16 Հունիսի 2005, 804 - Ն

«ԱԲՈՎՅԱՆԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ կետը և 68-րդ հոդվածի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերությունն անվանափոխել «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության:

2. Թույլատրել «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված հաշվեկշռային մեթոդով 9147 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող հիմնական միջոցները, այդ թվում՝ 699 քառ. մետր շենքը (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, քաղ. Աբովյան, Պիոներական 2) (այսուհետ` գույք) օտարել մրցույթով:

3. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ 2287 հազ. դրամ:

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝

օտարվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ:

5. Մրցույթի հաղթողի հետ կնքվելիք պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավոր է՝

ա) գնված գույքն օգտագործել բացառապես Աբովյան քաղաքում ստոմատոլոգիական ծառայությունների մատուցման նպատակով՝ առնվազն 5 տարի ժամկետով,

բ) գնված գույքի միջոցով գործունեության իրականացումն սկսել ոչ ուշ, քան օտարման պայմանագրի կնքումից մեկ ամիս հետո,

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 78555 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Մրցույթը կազմակերպել և անցկացնել «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխին համապատասխան՝ մրցութային հանձնաժողովում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներին:

7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին`

ա) մրցույթում հաղթողի կողմից գույքի դիմաց առաջարկված գումարը վճարելուց և «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության հետ գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել մրցույթի հաղթողի` պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը,

բ) առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո ապահովել «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարումը,

գ) «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության ներկայացուցիչներին:

8. Լուծարման հանձնաժողովին՝

ա) «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան.

բ) «Աբովյանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն ընկերության լուծարումից հետո մնացած գույքի տնօրինման վերաբերյալ:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: