Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2004, 879 - Ն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԶՈՒՏ ԵԿԱՄՏԻ ՈՒ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ (ԳՆԵՐԻ) 2005 ԹՎԱԿԱՆԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությանը և «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

2-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հողի հարկի հաշվարկման նպատակով Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ու վարչական սահմաններից դուրս գտնվող գյուղատնտեսական և բնակավայրերի հողերի 2005 թվականի կադաստրային զուտ եկամտի և կադաստրային արժեքների չափեր սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի (քաղաքների, քաղաքատիպ ավանների, գյուղերի) հողերի կադաստրային զուտ եկամտի և հողի կադաստրային արժեքի ժամանակավոր չափերի հաստատման մասին» N 462 որոշմամբ 1997 թվականի համար հաստատված բնակավայրերի հողերի կադաստրային զուտ եկամտի ու կադաստրային արժեքների (գների) չափերով.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ, ըստ գյուղական համայնքների և գնահատման շրջանների հաստատված տվյալների՝ տնամերձ և գյուղատնտեսական նշանակության հողերի զուտ եկամտի չափերով.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային արժեքների (գների) չափերով:

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս գտնվող` պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերը, ինչպես նաև հողային ֆոնդի այլ նպատակային նշանակության հողերը` բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի, օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու կամ այլ դեպքերում, այդ հողերի կադաստրային արժեքների (գների) 2005 թվականի չափերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N 1746-Ն որոշմամբ հաշվարկված բնակավայրերի հողերի գների չափերով` բացառությամբ սույն որոշման 4-րդ կետում նշված օբյեկտների ուղղակի վաճառքի դեպքերում:

3. Կասեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N1746-Ն որոշման 2-րդ կետի «դ» ենթակետի գործողությունը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` 6-ամսյա ժամկետով:

4. Սահմանել, որ սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` 6-ամսյա ժամկետում սույն որոշման N 4 հավելվածով սահմանված ցանկում ներառված արտադրական նշանակության օբյեկտների կառուցման և սպասարկման համար հատկացված հողերի ուղղակի վաճառքի դեպքերում դրանց կադաստրային գների 2005 թվականի չափերը հաշվարկվում են սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներով` ըստ տարածագնահատման գոտիների (Երևան քաղաքում) և համայնքների (քաղաքային և գյուղական), սահմանված կադաստրային գների չափերով:

5. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս գտնվող` պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու կամ այլ դեպքերում, դրանց կադաստրային արժեքների (գների) 2005 թվականի չափերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական նշանակության և անօգտագործելի հողերի պետական հողային կադաստրի տվյալները հաստատելու մասին» N 237 որոշմամբ հաստատված գյուղատնտեսական նշանակության հողերի կադաստրային արժեքների (զուտ եկամուտ x 25) չափերով, իսկ վարձակալության իրավունքով տրամադրելու դեպքում` դրանց նվազագույն վարձավճարի 2005 թվականի չափերը՝ նույն որոշմամբ հաստատված գյուղատնտեսական նշանակության հողերի զուտ եկամտի 15 տոկոսի չափով:

6. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս գտնվող` պետության կամ համայնքային սեփականություն հանդիսացող, 1997 թվականի հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությամբ (հողային հաշվեկշռով) հաստատված անօգտագործելի հողերն օտարելու (ուղղակի կամ աճուրդով վաճառելու), վարձակալության իրավունքով տրամադրելու կամ այլ դեպքերում, դրանց կադաստրային արժեքների (գների) 2005 թվականի չափերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության

2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում և վարչական սահմաններից դուրս (մարզերի համար) գտնվող հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար հատկացված և անօգտագործելի հողերի կադաստրային գնահատման կարգը հաստատելու մասին» N 1101-Ն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված անօգտագործելի հողերի կադաստրային արժեքների (գների) չափերով:

7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետում նշված NN 1, 2 և 3 հավելվածներով սահմանված կադաստրային գները և տարածագնահատման գոտիների նկարագիրը, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետում նշված կասեցումը գործում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից` 6-ամսյա ժամկետով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: