Կառավարության որոշումներ

3 Հունիսի 2010, 732 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՀԱՅՐԵՆԻՔ- ՍՓՅՈՒՌՔ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին ու 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 9-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածի
N 1 աղյուսակում և N 17 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն։
3. «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման և մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում պահպանման ծախսերի ու տարածքի վարձակալության համար Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը հատկացնել 17299826 դրամ (այդ թվում` 2010 թվականի առաջին կիսամյակ` 4743000 դրամ, ինն ամիս` 10205742.5 դրամ, տարի` 17299826 դրամ)` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» (4637) հոդվածով)։
4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
1) Հայաստան-սփյուռք գործակցության վերաբերյալ տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը և տարածումը, համահայկական լրատվական ռեսուրսների (այդ թվում` համահայկական կայքերի, տեղեկագրերի, թերթերի, հեռուստատեսային լրատվական հաղորդումների, հեռուստակամուրջների, ինտերնետային քննարկումների և այլնի) ստեղծումը և շահագործումը.
2) Հայաստան-սփյուռք գործակցության ոլորտում մասնագետների վերապատրաստման, վերաորակավորման, մասնագիտական որակավորման բարձրացման ծրագրերի մշակումը և իրականացումը.
3) հայապահպանությանը նվիրված ծրագրերի իրականացումը.
4) հայրենադարձության, հայրենադարձների ինտեգրման ծրագրերի իրականացումը.
5) սփյուռքի ներուժի հայտնաբերումը և Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ այդ ներուժի ներդրման ծրագրերի մշակումը և իրականացումը.
6) գիտատեսական և կիրառական հետազոտությունների ու գնահատումների կատարումը.
7) սփյուռքի հետ իրականացվող աշխատանքներում միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցությունը։
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, իրականացնել`
1) տեղեկատվական ծառայությունների մատուցում.
2) հեռուստառադիոծրագրերի կազմում.
3) հրատարակչական գործ.
4) գիտական հետազոտություններ և մշակումներ.
5) վեհաժողովների, առևտրային ցուցահանդեսների կազմակերպում.
6) նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ, այլ կրթություն` չներառված ուրիշ խմբավորումներում։
6. Հաստատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի։
7. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը։
8. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության`
1) «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շինություններ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, թանկարժեք մետաղներ և քարեր.
2) «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործում է իր կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար։
9. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ենթակայության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը։
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված