Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2005, 799 - Ն

«ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ» ԾԻԳ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Դադարեցնել «Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրեր» ԾԻԳ» պետական հիմնարկի (այսուհետ` ԾԻԳ) գործունեությունը:

2. Հիմնադրել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ (այսուհետ` հիմնադրամ):

3. Հաստատել`

ա) հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

4. Որպես հիմնադրի ներդրում հիմնադրամին տրամադրել ԾԻԳ-ին ամրացված գույքը (մնացորդային արժեքով)` սեփականության իրավունքով` համաձայն N 3 հավելվածի:

5. Սահմանել, որ`

ա) հիմնադրամի նպատակն է Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացմանը նպաստելը, Հայաստանի էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում շուկայի զարգացմանը խթանելը, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանը նպաստելը, էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացմանն ուղղված մեխանիզմները մշակելը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա պետության հետ կնքվող գործակալության պայմանագրի համաձայն ոլորտի զարգացմանը խթանող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացումը կազմակերպելը.

բ) հիմնադրամի աշխատողներին աշխատանքի ընդունելու ժամանակ նախապատվությունը տրվում է լուծարվող ԾԻԳ-ի աշխատողներին` փոխադրման կարգով.

գ) ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրերի կառավարման խորհրդի լիազորություններն իրականացնում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) սահմանված կարգով կազմակերպել ԾԻԳ-ի լուծարման գործընթացը,

բ) Հայաստանի Հանրապետության անունից հիմնադրամի հետ կնքել գործակալության պայմանագիր Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2003 թվականի ապրիլի 3-ին ստորագրված «Կանխավճար քաղաքային ջերմամատակարարման առաջարկված ծրագրի նախապատրաստման համար N PPF Q 353-0-AM» նամակ-համաձայնագրի շրջանակներում ծրագրի իրականացման մասին, որպես գործակալական վարձատրություն ընթացիկ տարվա ընթացքում տրամադրելով «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 խմբի 02 ենթախմբի «03. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագիր» ծրագրով նախատեսված միջոցներից 64 մլն դրամ, ինչպես նաև նույն նամակ-համաձայնագրի շրջանակներում ԾԻԳ-ի կողմից կնքված փոխառության, ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման պայմանագրերով պարտատիրոջ իրավունքների իրականացումը գործակալության պայմանագրով լիազորել հիմնադրամին:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն հիմնադրամին տարածք հատկացնելու վերաբերյալ:

8. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի դեկտեմբերի 29-ի N 861 որոշման 1-ին կետով ստեղծված` ջերմամատակարարման և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին աջակցության ծրագրերի կառավարման խորհրդի լիազորությունները:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։