Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2010, 585 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության` Գյումրի քաղաքի Գերցենի 3 հասցեում գտնվող` 456.20 քառ. մետր մակերեսով անգարը (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով։
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2009 թվականի դեկտեմբերի 18-ին գնահատված գույքի արժեքը` 22243 հազ. դրամ.
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը` 22243 հազ. դրամ.
3) որ աճուրդում հաղթողին է օտարվում նաև գույքի զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 488.25 քառ. մետր հողատարածքը` կադաստրային արժեքով։
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) եռամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
3) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 392835 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
4. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։
5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը մեկամսյա ժամկետում` «Պետական սեփականություն համարվող հողի վաճառքից մուտքեր» գանձապետական հաշվին։
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` «Ինֆոտենդեր» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած շարժական գույքը (հիմնական միջոցները) (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր։
7. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2009 թվականի դեկտեմբերի 24-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի։
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, աճուրդի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
2) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
3) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո` համաձայն հավելվածի, մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը։
9. Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով։
10. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։ Գնորդի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ։
11. Գույքի վաճառքի գումարը վճարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։