Կառավարության որոշումներ

6 Մայիսի 2010, 505 - Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Այգեձորի 67 հասցեում գտնվող` 3397,9 քառ. մետր ընդհանուր մակերեսով վարչաարտադրական շենքի 2-րդ հարկի` 700,4 քառ. մետր և 34.100,0 հազ. դրամ հաշվեկշռային (մնացորդային) արժեք ունեցող ծառայողական տարածքներով (այսուհետ` գույք) վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց։
2. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
3. «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի չափը։
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով։
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը` թույլատրելով այն իրականացնել «Էներգակարգաբերում» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։