Կառավարության որոշումներ

29 Ապրիլի 2010, 459 - Ն

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ձևավորված իրավական, տեխնիկական, տնտեսական օժանդակությունը գործնական հիմքերի վրա դնելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին գործնական աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 3 հավելվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի 2010 թվականի ծախսերի նախահաշվի շրջանակներում նախատեսել գումարներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ասկերանի շրջանի ստորաբաժանման գրասենյակային կահավորման, համակարգչային սարքավորումներով ապահովման, ինչպես նաև վարչական շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքների կատարման համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։