29 Ապրիլի 2010, 458 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սևանա լճի ավազանի համայնքներին քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալներ (այսուհետ` ելակետային տվյալներ) ձեռք բերելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը երկրորդ եռամսյակում հատկացնել 42,492.1 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով)։
2. Հաստատել ելակետային տվյալներ ստացող` Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի համայնքների ցանկը` համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ելակետային տվյալները սույն որոշման հավելվածում ներառված համայնքներին տրամադրել համայնքների հետ կնքված պայմանագրերի հիման վրա, որոնցում նախատեսվում են հետևյալ պայմանները`
1) համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքների ֆինանսավորումը (բացառությամբ ելակետային տվյալների ձեռքբերման) իրականացվում է տվյալ համայնքի միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը պարտավորվում է պայմանագրում նշված ժամկետներում ելակետային տվյալները տրամադրել համայնքին.
3) ելակետային տվյալների տրամադրման պահից քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման ժամանակահատվածը (տևողությունը).
4) համայնքի պատասխանատվությունը` համայնքի կողմից սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված ժամկետում պայմանագրի դրույթների չկատարման դեպքում, այն է` համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման նպատակով տրամադրված ելակետային տվյալների համար այդ համայնքի գծով հատկացված գումարի` օրենքով սահմանված կարգով վերադարձնելը համայնքի բյուջեից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
5) այլ դրույթներ, որոնք կնպաստեն ելակետային տվյալների տրամադրման նպատակի իրականացմանը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված