8 Ապրիլի 2010, 418 - Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ N 37` ՔԱՆԴՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՎԹԱՐԱՅԻՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի Մարգարյան փողոցի N 37` քանդման ենթակա վթարային բազմաբնակարան շենքի բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Երևան քաղաքի Մարգարյան փողոցի N 37` քանդման ենթակա վթարային բազմաբնակարան շենքից վերաբնակեցման ենթակա ընտանիքների բնակարանա-
յին խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեով Երևանի քաղաքապետարանին հատկացված միջոցներով կառուցված` Երևան քաղաքի Քանաքեռի 14-րդ փողոցի N 38/1 բազմաբնակարան շենքը և 1365,14 քառ. մետր մակերեսով հողատարածքը նվիրաբերել Երևան քաղաքին` նշված ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու պայմանով։
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշմամբ Երևան քաղաքին սեփականության իրավունքով անհատույց փոխանցվող (հանձնվող) գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականում և գրանցման թերթիկում, ըստ ներկայացման, կատարել համապատասխան փոփոխություն։
3. Սահմանել, որ վերաբնակեցման ենթակա ընտանիքներին բնակարանները հանձնվում են սեփականության իրավունքով` նախկինում զբաղեցված բնակելի սենյակների թվին համապատասխան` Երևանի քաղաքապետի և բնակարան ստացող անձանց միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված անշարժ գույքի փոխանակման մասին պայմանագրերի հիման վրա։
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) բնակարաններ ստացող անձանց հետ կնքվող պայմանագրերում սահմանել կողմերի պարտավորությունները և իրավունքները, ինչպես նաև բնակարանների հատկացման և զբաղեցված վթարային բնակարանների ազատման հիմնական պայմանները.
2) քանդման ենթակա վթարային շենքի բնակարանների նկատմամբ սեփականության կամ վարձակալության իրավունք ունեցող անձանց հետ կնքվող անշարժ գույքի փոխանակման և (կամ) նվիրաբերության մասին պայմանագրերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակեցումից ազատված բնակարանների նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման սահմանափակումները կիրառելու և վթարային շենքի նկատմամբ Երևանի հա-մայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար.
3) քանդման ենթակա վթարային շենքից բնակիչների վերաբնակեցման աշխատանքների ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված կարգով տնօրինել Երևան քաղաքի Քանաքեռի 14-րդ փողոցի N 38/1 բազմաբնակարան շենքում չբաշխված բնակարանները։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։