Կառավարության որոշումներ

11 Մարտի 2010, 320 - Ն

ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ և 12-րդ հոդվածի 5-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «ՎԻԼԼԱՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ համատեղ հիմնադրել փակ բաժնետիրական ընկերություն։
2. Սահմանել, որ`
1) փակ բաժնետիրական ընկերության գործունեության առարկան է`
ա. արտադրական և այլ կեղտաջրերի մաքրման տեղային (լոկալ) կայանների ներմուծումը, արտադրությունը, տեղադրումը, սպասարկումը,
բ. արտադրական և այլ կեղտաջրերի մաքրման տեղային (լոկալ) համակարգերի նախագծումը, շինարարությունը,
գ. ջրօգտագործողների համար սահմանային թույլատրելի արտահոսքերի (ՍԹԱ) նախագծերի մշակումը,
դ. օրենքով չարգելված այլ գործունեություն.
2) փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 100000 դրամ, որը բաժանված է 10 հասարակ (սովորական) բաժնետոմսի.
3) փակ բաժնետիրական ընկերությունում Հայաստանի Հանրապետությանը պատկանող բաժնետոմսերը կազմում են ընկերության ընդհանուր բաժնետոմսերի 40 տոկոսը։
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալ փակ բաժնետիրական ընկերությունում։
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` իրականացնել հիմնադիր պայմանագրի, այլ փաստաթղթերի, կանոնադրության հաստատման, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ գործողություններ։
5. Նորաստեղծ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։