Կառավարության որոշումներ

25 Մարտի 2010, 311 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1330-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Հարկային վարչարարությանն օժանդակության նպատակով վիճակահանության անցկացման և պարգևավճարների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1330-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 3-րդ կետում «3/4-ը» բառը փոխարինել «1/2-ը» բառով.
2) ուժը կորցրած ճանաչել 12.1-ին կետի 2-րդ ենթակետի «ը» պարբերությունը.
3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Վիճակահանության համար նախատեսված բազային պարգևավճարների հիմնադրամն օգտագործվում է բազային պարգևավճարների, բոնուսների հաշվարկման և վճարման (այդ թվում` բոնուսներ տրամադրող մարմնին կանխավճարի տրամադրման), ինչպես նաև վճարահաշվարկային ծառայությունների դիմաց վճարման համար (բյուջետային ծախսերի նույն դասակարգմամբ)։».
4) 14-րդ կետից հանել «(բոնուս)» և «և բոնուսը» բառերը, իսկ «(այսուհետ` բանկ)» բառը փոխարինել «կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություն (այսուհետ` պարգևավճար վճարող մարմին)» բառերով.
5) 15-րդ և 16-րդ կետերում «բանկի» բառը համապատասխանաբար փոխարինել «պարգևավճար վճարող մարմնի» բառերով.
6) 18.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և բոնուսներ տրամադրող մարմնի (մարմինների) միջև սույն կարգի 18.2-րդ կետում նշված պայմանագրերի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում ապրանքներ և ծառայություններ անմիջականորեն ձեռք բերող (ստացող) ֆիզիկական անձինք վիճակահանությունների արդյունքում չշահած կտրոնները բոնուսների հաշվարկման նպատակով կարող են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող եռամսյակի նախավերջին աշխատանքային օրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային (տարածքային) տեսչություն։ Ֆիզիկական անձինք բոնուսներ ստանալու նպատակով տեսչություն են ներկայանում անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով դիմում, որին կցվում են հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնների բնօրինակները (ստորագրելով յուրաքանչյուր կտրոնի դարձերեսին), անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Խմբաքանակում ներառված կտրոնների դարձերեսները պետք է ստորագրված լինեն միայն այն ներկայացնող անձի կողմից։ Կտրոնների դարձերեսներին չպետք է լինեն մեկից ավելի ստորագրություններ։ Ներկայացված խմբաքանակներով կտրոնները հարկային մարմնի կողմից ստուգվելուց հետո դրանք ներկայացնող ֆիզիկական անձին տրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ձևով միջնորդագիր` հաշվարկված բոնուսն ստանալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ պայմանագիր կնքած Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություն (բոնուսներ վճարող մարմին) ներկայացնելու համար։ Ֆիզիկական անձինք բոնուս ստանալու համար մինչև միջնորդագրի տրամադրման եռամսյակի վերջին աշխատանքային օրը բոնուսներ վճարող մարմին են ներկայանում անձը հաստատող փաստաթղթով` ներկայացնելով հարկային մարմնի կողմից տրված միջնորդագիրը, անձը հաստատող փաստաթղթի պատճենը։ Սույն կետում նշված ժամկետի ավարտից հետո բոնուսների վճարումներ չեն կատարվում։ Սույն կետում նշված բոնուսներ վճարող և սույն կարգի 18.2-րդ կետում նշված բոնուսներ տրամադրող մարմինների անվանումները, դրանց ստորաբաժանումների (բաժանմունքների) գտնվելու վայրերի հասցեները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից։».
7) 18.2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկեր» բառերը փոխարինել «բոնուս հաշվարկելու, բոնուս և պարգևավճար վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետ վճարահաշվարկային (բանկային) սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկ կամ վճարահաշվարկային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություն» բառերով, իսկ «բանկ» բառը փոխարինել «բոնուսներ տրամադրող մարմին» բառերով.
8) 18.3-րդ կետում «բանկի» բառը փոխարինել «բոնուսներ տրամադրող մարմնի» բառերով.
9) 18.4-րդ կետում «Բանկի» բառը փոխարինել «Բոնուսներ տրամադրող մարմնի» բառերով և «փոխանակում» բառից հետո կետը լրացնել «` բոնուսներ տրամադրող մարմնի հետ կնքած պայմանագրին համապատասխան» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։