10 Մարտի 2005, 729 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի «Ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում լիազորված պետական մարմիններ սահմանելու, դրանց իրավասությունները սահմանազատելու և Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի ու «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 385-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացում-ներն ու փոփոխությունները`
ա) որոշման 1-ին կետը «սահմաններում» բառից հետո լրացնել «և նավթի, գազի ու երկրաջերմային էներգիայի բնապաշարների շահագործման (արդյունահանման), այդ թվում` արտադրանքի բաժանման հիմունքներով տրամադրելու լիազորությունների, որոնք իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը՝ սույն որոշման 21-րդ կետով նախատեսված իրավասությունների սահմաններում» բառերով.
բ) որոշման 2-րդ կետը «որոշման» բառից հետո լրացնել «21-րդ և» բառերով, իսկ «կետով» բառը փոխարինել «կետերով» բառով.
գ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 21-րդ կետով.
«21. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված նավթի, գազի ու երկրաջերմային էներգիայի բնապաշարների շահագործման (արդյունահանման), այդ թվում` արտադրանքի բաժանման հիմունքներով ոլորտում լիազորված մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը».
դ) որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Սույն որոշման 1-ին, 2-րդ և 21-րդ կետերով սահմանված` լիազորված մարմիններն ընդերքի օգտագործման ու պահպանության բնագավառում ապահովում են հետևյալ գործառույթների իրականացումը՝
ա) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունը՝
հանքարդյունաբերության զարգացման քաղաքականության (ռազմավարություն, հեռանկարային ծրագրեր, իրավական ակտեր և այլն) մշակում` բացառությամբ սույն որոշման 5-րդ կետի «գ» ենթակետի առաջին պարբերությամբ սահմանված իրավասությունների,
կայունացման և կոնցեսիոն պայմանագրերի կնքում,
լեռնահատկացման ակտի և պայթեցման աշխատանքների կատարման թույլտվությունների տրամադրում,
օգտակար հանածոների հանքավայրերի մշակման և դրանց արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության նախագծերի տեխնիկական ու տեխնոլոգիական փորձաքննություն,
լեռնային աշխատանքների կատարման, անվտանգության կանոնների պահպանման, օգտակար հանածոների կորուստների և աղքատացման, լեռնային փորվածքների, հորատանցքերի ու պոչամբարների լուծման և սառեցման (կոնսերվացման) աշխատանքների կատարման նկատմամբ վերահսկողություն,
իր իրավասության սահմաններում հանքարդյունաբերության զարգացման բնագավառում միջազգային համագործակցություն.
բ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝
ընդերքի պահպանության և օգտագործման քաղաքականության (հանքահումքային հենքի զարգացման ռազմավարություն, հեռանկարային ծրագրեր, իրավական ակտեր և այլն) մշակում,
երկրաբանական ուսումնասիրությունների, օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ընդերքօգտագործման, ինչպես նաև պահուստային հանքավայրերի մակերեսների կառուցապատման իրավունքի՝ թույլտվությունների (լիցենզիաների, համաձայնությունների) տրամադրում, այդ թվում` երկրաբանական հատկացումների տրամադրում, պետական գրանցում և պայմանագրերի կնքում,
ընդհանուր տարածում ու ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկերի և երկրաբանական ուսումնասիրությունների հատուկ ցանկերի մշակում,
օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատում, օգտակար հանածոների պաշարների հաստատում,
ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննություն,
ընդերքօգտագործման պետական ֆոնդերի, օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի, հանքավայրերի ու երևակումների պետական կադաստրների վարում,
ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործման (ջրօգտագործման) թույլտվությունների տրամադրում և ստորերկրյա ջրերի հանքավայրերի սանիտարական պահպանման գոտիների համաձայնեցում,
ընդերքօգտագործման նախագծերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննություն,
իր իրավասության սահմաններում ընդերքի օգտագործման և պահպանության բնագավառում միջազգային համագործակցություն.
գ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը`
նավթի, գազի բնապաշարների և երկրաջերմային էներգետիկայի ոլորտների զարգացման քաղաքականության (ռազմավարություն, հեռանկարային ծրագրեր, իրավական ակտեր և այլն) մշակում,
նավթի, գազի ու երկրաջերմային էներգիայի բնապաշարների երկրաբանական հետախուզման և շահագործման (արդյունահանման), այդ թվում` արտադրանքի բաժանման պայմանագրերի կնքում` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համատեղ,
իր իրավասության սահմաններում նավթի, գազի ու երկրաջերմային էներգիայի բնապաշարների օգտագործման միջազգային համագործակցություն»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։