Կառավարության որոշումներ

11 Մարտի 2010, 225 - Ա

«ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՑԻԱՆԱԿԱՆ ՆԱՏՐԻՈՒՄ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն արտադրական կարիքների համար մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել 1500 տոննա տեխնիկական ցիանական նատրիում։
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` սահմանված կարգով ապահովել «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող տեխնիկական ցիանական նատրիումի ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը։
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տեխնիկական ցիանական նատրիումը երրորդ կողմին վաճառելու դեպքում «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ գործարքի կողմի, վաճառվող ապրանքատեսակի և քանակի մասին։
4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` 10-օրյա ժամկետում ապահովել «Գեոպրոմայնինգ Գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տեխնիկական ցիանական նատրիումի Հայաստանի Հանրապետություն ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը։