29 Հունվարի 2010, 151 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների` ի դեմս Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի միջև ստորագրված Հազարամյակի մարտահրավեր համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող` Սևան ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում` «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ Հայաստան» ծրագրի շրջանակներում նոր պոմպակայան կառուցելու նպատակով` առանց մրցույթի, անհատույց, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրել 0.56 հեկտար հողամաս, այդ թվում`
1) 0.47 հեկտար հողամասը` համաձայն N 1 հավելվածի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին.
2) 0.09 հեկտար հողամասը` համաձայն N 2 հավելվածի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը։
2. Նոր պոմպակայանի կառուցմանն անհրաժեշտ գծային ենթակառուցվածքների համար սահմանել անհատույց մշտական սերվիտուտ։
3. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը։
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի միջոցների հաշվին։
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։