Կառավարության որոշումներ

25 Փետրվարի 2010, 156 - Ա

«ՈՐՈՏԱՆ-ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ» ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 19-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի շահագործման, տեխնիկական վիճակի բարելավման 2010 թվականի ծրագիրը` 275.760.000 դրամի չափով, այդ թվում՝ 270.480.000 դրամը՝ «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի հավատարմագրային կառավարման կառավարչին վճարելու համար, իսկ 5.280.000 դրամը՝ «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի սեփականության իրավունքների պետական գրանցման աշխատանքների համար։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ մինչև մրցութային գործընթացի ավարտը և «Որոտան-Արփա-Սևան» ջրային համակարգի հավատարմագրային կառավարման կառավարչի և (կամ) շահագործող կազմակերպության հետ համապատասխան պայմանագրի կնքումը` կառավարչի վճարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։