21 Հունվարի 2010, 49 - Ա
«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՍԱՐԿՎՈՂ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՁԵՎԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում իրականացվող բարեփոխումների շարունակման, սպառողներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակի ու արդյունավետության հետագա բարելավման նպատակով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 15-ի N 40-Ն որոշման N 1 հավելվածի 250-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով վարձակալությամբ փոխանցման ձևին։
2. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող ջրային համակարգերի օգտագործման իրավունքը մրցույթով վարձակալությամբ փոխանցելու գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատանքային կանոնակարգը։
4. Լիազորել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին բանակցություններ վարել «SAUR S.A» ֆրանսիական կազմակերպության հետ «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի լիազորությունները մասնավոր կառավարչին փոխանցելու կառավարման պայմանագրի գործողության ժամկետը մեկ տարով երկարաձգելու համար։
Հավելված