17 Դեկտեմբերի 2009, 1521 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 853-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի «Գնման առարկայի բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և գնումների ֆինանսավորման կարգը, մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնման ընթացակարգի արձանագրությունների ստուգման կարգը, լիազոր մարմին ներկայացված բողոքների քննարկման ու գնումների գործընթացի վերահսկման միավորի գործունեության կարգը, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումների կատարման կարգը, բնական մենաշնորհ հանդիսացող ծառայությունների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 853-Ն որոշման NN 1, 2 և 7 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
2. Սահմանել, որ`
1) հանրապետական գործադիր մարմնում սույն որոշմամբ նախատեսված պատվիրատուի ղեկավարի լիազորություններն իրականացնում է աշխատակազմի ղեկավարը.
2) նախքան սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են այդ գնումների գործընթացն սկսվելու պահին գործող իրավական ակտերով.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեսուն աշխատանքային օրվա ընթացքում` սույն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպվում են նոր պարբերական մրցույթներ, իսկ որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կազմակերպված պարբերական մրցույթների շրջանակներում կնքված համաձայնագրերի կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են դրանց կնքման պահին գործող իրավական ակտերով։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) մինչև 2010 թվականի փետրվարի 15-ը մշակել և Հայաստանի Հանրապետության պետական մարմիններին տրամադրել տիպային հարցաթերթ, որով պատվիրատուները մանրամասնորեն կներկայացնեն և կհիմնավորեն գնումը մեկ անձից գնման ձևով կատարելու մասին որոշումը։ Հիմնավորումները բավարար չլինելու դեպքում լիազոր մարմինը կմերժի այդ գործարքների հաշվառումը, և դրա հետևանքով ծրագրերի ձախողման ամբողջ պատասխանատվությունը կընկնի պատվիրատուների իրավասու պաշտոնյաների վրա.
2) մեկ անձից գնման ձևով կատարված գործարքները, բացառությամբ բնական մենաշնորհներ հանդիսացող գնումների, համարել որպես ռիսկային գործարքներ և ընտրանքային կարգով ստուգել դրանց արժանահավատությունը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության միջոցով.
3) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացվող գնումների անվանացանկով նախատեսել նաև գնումների կատարման ձևերը և ժամկետները.
4) մինչև 2010 թվականի փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված 2010 թվականի գնումների անվանացանկով նախատեսված գնումների`
ա. ապագաղտնիացման վերաբերյալ,
բ. կատարման ձևերի և ժամկետների վերաբերյալ։
4. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ղեկավարներին` տասն աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել`
1) ապագաղտնիացման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցանկը` նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետք է ապագաղտնիացվեն այն գնումները, որոնք չեն կատարվում ռազմական տեխնիկայի, սպառազինության, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման նպատակով.
2) առաջարկություններ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2005 թվականի ապրիլի 25-ի N 426-Ն հրամանով հաստատված` մեկ անձից գնումների կատարման անվանացանկի վերանայման վերաբերյալ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն բոլոր ապրանքները, աշխատանքները և ծառայությունները, որոնք կարող են ձեռք բերվել մրցակցային հիմունքներով, այդ թվում` մասնավոր հատվածի տնտեսավարող սուբյեկտներից, պետք է գնվեն մրցակցային հիմունքներով` անկախ այդ կազմակերպությունների` պետության կամ համայնքների կողմից հիմնադրված լինելու հանգամանքից.
3) առաջարկություններ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված 2010 թվականի գնումների անվանացանկով նախատեսված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումների կատարման ձևերի և ժամկետների վերաբերյալ` նկատի ունենալով այն, որ`
ա. գնումների կատարման հիմանական ձևը մրցույթն է,
բ. գնումների գործընթացի կազմակերպման ժամկետները և գնման ձևերը պետք է հայտնի լինեն նախապես,
գ. պետք է պատասխանատվության ենթարկել այն պաշտոնատար անձանց, որոնց գործունեության կամ անգործության հետևանքով գնումների կատարման ժամկետները խախտվում են, և առաջանում է տվյալ գնումը մեկ անձից գնման ձևով կատարելու անհրաժեշտություն։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված