17 Դեկտեմբերի 2009, 1518 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման փորձնական նախագիծը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 706-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) III բաժնի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերություններում և 4-րդ ենթակետի «գ» պարբերությունում «մինչև 2009 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերը փոխարինել «մինչև 2010 թվականի դեկտեմբերի 30-ը» բառերով.
2) III բաժնի 7-րդ կետի 4-րդ ենթակետի «ի» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ի. սուբսիդավորման ենթակա տոկոսավճարը չունի նվազագույն շեմ,».
3) III բաժնի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 8-րդ ենթակետով.
«8) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման ավարտը՝
ա. համապատասխանում է այն ժամկետին, որը նախատեսված է սուբսիդավորման ենթակա վարկային պայմանագրով,
բ. վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվում է եռակողմ պայմանագրի (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, վարկային կազմակերպություն, ֆիզիկական կամ իրավաբանական անձ) հիման վրա,
գ. եռակողմ պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ,
դ. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը պայմանագրերի հիման վրա գնահատում է սուբսիդավորման գումարի տարեկան պահանջարկը և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն,
ե. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը սուբսիդավորման գումարը, անհրաժեշտության դեպքում, ըստ տարիների, առաջարկում է ներառել միջնաժամկետ ծախսային ծրագրերում և բյուջետային ծախսերի հայտի ձևով յուրաքանչյուր տարի ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։