Կառավարության որոշումներ

5 Մայիսի 2005, 686 - Ն

«ԵՐԵՎԱՆԻ Փ. ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության` Երևանի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող շենքի վթարային վիճակը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 5-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով ու 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Թույլատրել «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Երևանի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող` 2396,11 քառ. մետր ընդհանուր տարածքով շենքերն ու շինությունները (սեփականության վկայական` N 349954) փոխանակել «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` Երևանի Արշակունյաց պողոտայի N 39 հասցեում գտնվող` 3699.3 քառ. մետր ընդհանուր տարածքով շենքերի ու շինությունների հետ (սեփականության վկայական` N 1570335):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

ա) մեկամսյա ժամկետում ապահովել «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև համապատասխան պայմանագրի կնքումը.

բ) համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նախահաշվային փաստաթղթերի՝ Երևանի Արշակունյաց պողոտայի N 39 շենքի փոխանակվող տարածքներն ընդունելուց հետո «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 500000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ գումարի սահմաններում կնքել պայմանագիր շենքի վերակառուցման, վերանորոգման և հողատարածքի բարեկարգման մասին:

3. Հաստատել Երևանի Լեոյի փողոցի N 3 շենքի հարակից տարածքը պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ)` 379.0 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող օտարման գոտին` համաձայն հավելվածի:

4. Երևանի քաղաքապետին՝

ա) մեկամսյա ժամկետում իրականացնել «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքի` Երևանի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող 3477.9 քառ. մետր հողամասի 99 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրումը «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ գնման նախապատվության իրավունքով.

բ) սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո Երևանի Լեոյի փողոցի N 3 հասցեում գտնվող` 3477.9 քառ. մետր հողամասն «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կամահայտնության դեպքում օտարել վերջինիս՝ գործող կադաստրային գնով՝ հողամասի համար վճարվող գումարից հաշվանցելով շենքի վերակառուցման, վերանորոգման և հողատարածքի բարեկարգման գումարները.

գ) մեկամսյա ժամկետում իրականացնել Երևանի Արշակունյաց պողոտայի N 39 հասցեում գտնվող` 2822.1 քառ. մետր հողամասի (սեփականության վկայական` N 1570335)` «Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անվճար և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրումը.

դ) ապահովել սույն որոշմամբ նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերի` սահմանված կարգով ձևակերպումը:

5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասի իրացման աշխատանքները կատարվելու են «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:

6. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված պայմանագրի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 1616-Ն որոշման N 1 հավելվածի 1.6-րդ կետի 31-րդ ենթակետը: