Կառավարության որոշումներ

3 Դեկտեմբերի 2009, 1458 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ) ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և «Ուորլիպարսոնս» ընկերության հետ կնքված Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական գնման պայմանագիրը (N ԾՁԲ-09/22)` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկը Ռուսաստանի Դաշնության ջրաջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով (ԱԷԿ-92 նախագիծը, հզորությունը 1060 ՄՎտ, շահագործման ժամկետը 60 տարի, ստացել է անվտանգության եվրոպական սերտիֆիկատ) կահավորելուն` հիմք ընդունելով «Ուորլիպարսոնս» կառավարող ընկերության վերլուծության արդյունքները։
2. Հայաստանի Հանրապետության տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման պատվիրատուի գործառույթներն իրականացնելու նպատակով Ռուսաստանի Դաշնության «ՌՈՍԱՏՈՄ» պետական կորպորացիայի կողմից առաջադրված` «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրել փակ բաժնետիրական ընկերություն։ Ստեղծվող փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 60,0 մլն դրամ, կանոնադրական կապիտալում կողմերի բաժնեմասերի 50/50 տոկոս համամասնությամբ։
3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`
1) փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու նպատակով, մինչև Հայաստանի Հանրապետության անունից փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր պայմանագրի ու այլ փաստաթղթերի ստորագրումը և կանոնադրության հաստատումը, դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանը։ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին վերապահել հիմնադիր պայմանագրի ու այլ փաստաթղթերի և կանոնադրության հաստատման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված բոլոր գործողությունների իրականացման, ինչպես նաև բաժնետոմսերի կառավարման լիազորությունները.
2) ապահովել ստեղծվող փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում հայկական կողմի 30,0 մլն դրամ ներդրումը` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից, մինչև շահութաբաժնի հաշվարկն առաջացած զուտ շահույթի հաշվին.
3) կազմակերպել ռեակտորային կղզյակի սարքավորումների պատվերի տեղադրման գործընթացը Ռուսաստանի Դաշնության համապատասխան ընկերություններում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։