Կառավարության որոշումներ

10 Դեկտեմբերի 2009, 1444 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 385-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՓԱՐՊԻԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ, ԱՆԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, 34-րդ, «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշման N 2 հավելվածի (Արագածոտնի մարզ) 1.110.3-րդ ենթակետը։
2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.01 հեկտար հողամասի (Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 107-Ն որոշման N 7 հավելված, 019-004-02 ծածկագիր) սահմանների ճշտումը։
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանյայց առաքելական եկեղեցու միջոցների հաշվին ապահովել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքների պետական գրանցումը։
4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն։
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետ կնքել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրման մասին պայմանագիր և ապահովել պահպանական պարտավորագրի ստացումը Հայաստանյայց առաքելական եկեղեցուց։
6. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Փարպի գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու և դրա պահպանման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցման ու անհատույց, անժամկետ օգտագործման մասին պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացնել Հայաստանյայց առաքելական եկեղեցու միջոցների հաշվին։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։