Կառավարության որոշումներ

8 Հոկտեմբերի 2009, 1297 - Ն

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Oրենքով սահմանված կարգով լուծարել «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն)։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) ձևավորել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից, ընկերությունից, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից.
2) ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո ընկերության գույքը և դեբիտորական պարտքերի ստացման իրավունքը հանձնել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին.
3) զբոսաշրջության զարգացման տարեկան ծրագրերի մարքեթինգային քաղաքականությունից բխող միջոցառումներն իրականացնել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով` վերջինիս հետ կնքելով համապատասխան պայմանագրեր։
3. Առաջարկել Ազգային մրցունակության խորհրդին`
1) Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կառուցվածքում ստեղծել համապատասխան ստորաբաժանում` զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն աջակցության ապահովման նպատակով.
2) Ազգային մրցունակության խորհրդին առընթեր ստեղծել խորհրդատվական խումբ` պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության մշակման ու իրականացմանն աջակցության շրջանակներում հետազոտությունների, ուսումնասիրութունների, վերլուծությունների, զարգացման ծրագրերի քննարկման և Ազգային մրցունակության խորհրդին ու գործադիր տնօրենին իրենց իրավասությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով։
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից Զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի գործառույթների իրականացման հնարավորությունը` «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված շենքի ճակատային մասի բաց կամարաշարի աջ և ձախ տարածքներում` այդ նպատակով կնքվող համապատասխան պայմանագրով։