Կառավարության որոշումներ

26 Նոյեմբերի 2009, 1402 - Ն

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ (ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ) ՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 432 ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի N 1337-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում`
1) կառուցվող բազմաբնակարան շենքերի նախագծանախահաշվային փաստաթղթերում ընդունվում են բնակարանների ընդհանուր մակերեսների նվազագույն և առավելագույն հետևյալ չափերը` ըստ սենյակների թվի`
ա. 1-սենյականոց բնակարան` 40 - 47 քառ. մետր,
բ. 2-սենյականոց բնակարան` 52 - 59 քառ. մետր,
գ. 3-սենյականոց բնակարան` 65 - 70 քառ. մետր,
դ. 4-սենյականոց բնակարան` 77 - 80 քառ. մետր,
ե. 5-սենյականոց բնակարան` 90 -110 քառ. մետր.
2) բնակելի տների (առանձնատների) կառուցապատման դեպքում` սույն կետի 1-ին ենթակետով սահմանված չափերը կարող են ավելացվել ոչ ավելի, քան 15 տոկոսի չափով.
3) կառուցված բազմաբնակարան շենքերում ըստ սենյակների թվի նույնատիպ բնակարանների ընդհանուր մակերեսների տարբեր չափերի դեպքում ավելի մեծ մակերեսով բնակարանները հատկացվում են ավելի մեծ կազմ ունեցող ընտանիքներին.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված յուրաքանչյուր ենթակետի շրջանակում հաշվառման վերցված անձանց փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն ստանալու պահանջի առաջացման դեպքում դրանց քննարկումը հետաձգվում է մինչև ամբողջական փաստաթղթային փաթեթները ներկայացվելը, և բնակարանների հատկացման գործընթացը շարունակվում է նշված կարգով սահմանված հերթականությամբ.
5) կառուցված բազմաբնակարան շենքերից (բնակելի տներից) հատկացվող բնակարանի (բնակելի տան) չափի որոշման ժամանակ ընտանիքի կազմում չի հաշվառվում ընտանիքի այն անդամը (անդամները), ով (ովքեր) ունի (ունեն) սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) կամ, եթե ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բնակարանի (բնակելի տան) նրան պատկանող բաժնեմասը գերազանցում է 9 քառ. մետրը.
6) կառուցված բազմաբնակարան շենքերի բնակարանների հատկացումից հետո մեկամսյա ժամկետում` բնակարան ստացող քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների կողմից բնակությունից ազատված ոչ հիմնական շինությունները ենթակա են քանդման` կառուցապատողի կամ համապատասխան համայնքի ղեկավարի կողմից։
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` բնակեցման ենթակա բազմաբնակարան շենքերի բնակարանները բաշխել վիճակահանությամբ` ըստ սենյակների թվի` նույնատիպ բնակարաններ ստանալու հավակնող անձանց միջև։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հարցումների հիման վրա` պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցվող բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի մասին տեղեկատվությունը ճշտել համապատասխան մարզերի և Երևան քաղաքի կտրվածքով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշման 1-ին կետով հաստատված` աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգի`
1) 4-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը.
2) 4-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.
«4.1. Դիմումին կից ներկայացվում են`
1) ընտանիքի անդամների անձնագրերի (անչափահաս անդամների` ծննդյան վկայականների) պատճենները.
2) ամուսնության (ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության) վկայականի պատճենը.
3) երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակարանի օրդերի պատճենը, օրդերի բացակայության դեպքում` արխիվային տեղեկանք երկրաշարժի պահին զբաղեցրած բնակարանի հասցեի, չափի (սենյակների թվի) և ընտանիքի կազմի մասին.
4) ընտանիքի մահացած անդամների մահվան վկայականների պատճենները.
5) ժամանակավոր բնակության վայրի մասին տեղեկանքը.
6) սույն կարգի 18-րդ կետով սահմանված հերթականության համաձայն բնակարան առաջնահերթ ստանալու իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները։».
3) 13-րդ կետը «նախարարը» բառից հետո լրացնել «իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով» բառերով.
4) 13-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.1-ին կետով.
«13.1. Սույն կարգի 13-րդ կետում նշված հանձնաժողովի կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.».
5) 17-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բնակարան ստացող քաղաքացին և նրա ընտանիքի բոլոր անդամները պարտավոր են գրավոր ստանձնել պարտավորություն բնակարանի հատկացումից հետո տասն օրվա ընթացքում իրենց կողմից զբաղեցված ժամանակավոր կացարանը կամ ոչ հիմնական շինությունն ազատելու մասին։».
6) 18-րդ կետի «ե» և «ժգ» ենթակետերից հանել «աշխատանքի» բառը։
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի «Աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգը հաստատելու մասին» N 1337-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետում`
ա. 1-ին ենթակետը «նախարարը» բառից հետո լրացնել «իր կողմից ստեղծված հանձնաժողովի միջոցով» բառերով,
բ. 1-ին ենթակետից հետո կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին ենթակետով.
«1.1. սույն կետի 1-ին ենթակետում նշված հանձնաժողովի կանոնակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.».
գ. 3-րդ ենթակետից հանել «` տուն ստացած քաղաքացու միջոցների հաշվին» բառերը.
2) որոշման 1-ին կետով հաստատված` աղետի գոտու գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հաշվառման, բնակարանային ապահովության առաջնահերթության կարգի`
ա. 2-րդ կետը «բնակավայրում» բառից հետո լրացնել «հաշվառված ու», իսկ «կամ» բառից հետո` «2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն» բառերով,
բ. 3-րդ կետում «ծխամատյանում» բառը փոխարինել «տնտեսությունների հաշվառման գրքում» բառերով,
գ. 6-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ ընտանիքի կազմի, ինչպես նաև տուն ունենալու մասին քաղվածք` համապատասխան բնակավայրի տնտեսությունների հաշվառման գրքից, դրա բացակայության դեպքում` արխիվային տեղեկանք և (կամ) այլ փաստաթղթեր, որոնցով հիմնավորվում է երկրաշարժի պահին տուն ունենալու փաստը»,
դ. 9-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9.1-ին կետով.
«9.1. Սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում` բնակարանային պայմանների բարելավման իրավունք ունեցող ընտանիքների ցուցակում ընդգրկելու համար համայնքի ղեկավարը հիմք է ընդունում տվյալ համայնքի ավագանու որոշումը` 1988 թվականի դեկտեմբերի 7-ի դրությամբ ընտանիքի կազմը և բնակելի տուն ունենալու փաստը հաստատելու մասին։»,
ե. 11-րդ կետի 3-րդ ենթակետում «վերջին հինգ տարիների ընթացքում» բառերը փոխարինել «2004 թվականի հունվարի 1-ից հետո» բառերով,
զ. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ և 7-րդ ենթակետերով.
«6) չեն ներկայացրել սույն կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետի, ինչպես նաև 9.1-ին կետի համաձայն անհրաժեշտ փաստաթղթեր.
7) ներկայացրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված