Կառավարության որոշումներ

12 Մայիսի 2005, 668 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 341 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 18-ի «Վարժական հավաքների և զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը փոխհատուցելու մասին» N 341 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը հատուցվում են սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված չափով:

Սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված գումարը հատկացնել նաև Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով ստացած վնասվածքների, խեղումների, առաջացած հիվանդությունների պատճառով հաշմանդամության կենսաթոշակ ստացած և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը մահացած զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամներին»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։