Կառավարության որոշումներ

8 Հոկտեմբերի 2009, 1279 - Ն

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` աղետի գոտու բնակավայրերում անօթևան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագրերի իրականացման շրջանակներում ծրագրերի շահառուներին բնակարան (բնակելի տուն)` ներառյալ դրանց զբաղեցրած և սպասարկման համար հատկացված հողատարածքները` վերջինիս առկայության դեպքում (այսուհետ` գույք), տրամադրելու նպատակով պետության անունից կնքել գույքի ձեռքբերման եռակողմ պայմանագրեր` նախատեսելով, որ պետությունը վաճառողից գնում և միաժամանակ պետական աջակցության շրջանակներում նվիրատվության կարգով շահառուին է տրամադրում գույքը։
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված`
1) շահառուներն ազատվում են այդ գործարքների նոտարական վավերացման և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով նախատեսված վճարումներից.
2) շահառուների փոխարեն սույն կետի 1-ին ենթակետում նշված գումարները վճարվում են Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեից։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գործարքների կողմ հանդիսացող շահառուների փոխարեն սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարների գծով գումարները վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 68,080.0 հազ. դրամ, որից`
1) համապատասխան համայնքների բյուջեներ պայմանագրի նոտարական վավերացման համար գանձվող պետական տուրքի գծով` 9,200.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական վճարներ» հոդվածով).
2) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 36,800.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).
3) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 1,840.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով).
4) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար` 20,240.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով)։
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գործարքների գրանցման գծով նոտարական ծառայություններ մատուցող նոտարների հետ կնքել փոխհատուցման պայմանագրեր։
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրերի` հնարավորինս սեղմ ժամկետում նոտարական վավերացման աշխատանքները։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։