Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2005, 629 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ` ՋԵՌՈՒՑՄԱՆ, ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների վարչական շենքերի և շինությունների ջեռուցման համար պահանջվող ջերմային էներգիայի, էլեկտրական էներգիայի կամ վառելիքի տարեկան ծախսը հաշվարկվում է սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում ներկայացված նորմաների հիման վրա` ելնելով ջեռուցման տարբերակից: Ընդ որում`

կաթսայատնից ջեռուցման տարբերակի դեպքում ջերմային էներգիայի տարեկան ծախսը (Գկալ) հաշվարկվում է շենքի արտաքին չափերով հաշվարկված ծավալին համապատասխան` սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված Գկալ/մ3տարի նորմը բազմապատկելով շենքի (շինության) ծավալով,

Էլեկտրական էներգիայով ջեռուցման տարբերակի դեպքում էլեկտրական էներգիայի տարեկան ծախսը հաշվարկվում է շենքի արտաքին չափերով հաշվարկված ծավալին համապատասխան` սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված կվտ գ ժ/մ3 տարի նորմը բազմապատկելով շենքի (շինության) ծավալով,

վառելիքի անմիջական օգտագործմամբ ջեռուցման տարբերակի դեպքում վառելիքի առանձին տեսակների տարեկան ծախսը հաշվարկվում է սույն ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով հաշվարկված պահանջվող ջերմային էներգիայի քանակը (Գկալ) բազմապատկելով սույն որոշման N 2 հավելվածում ներկայացված համապատասխան նորմայով:

Շենքերի մի մասը կազմող տարածքների ջեռուցման տարեկան ծախսը հաշվարկելիս հիմք է ընդունվում սույն որոշման N 1 հավելվածում ներկայացված ամբողջ շենքի ծավալին համապատասխան նորմը:

Սույն որոշման N 1 հավելվածում չընդգրկված բնակավայրերի համար կատարվող հաշվարկներում ընդունվում են նման կլիմայական պայմաններ ունեցող բնակավայրերի համար նախատեսված նորմերը.

բ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների Էլեկտրաէներգիայի տարեկան ծախսը, բացառությամբ էլեկտրական էներգիայով ջեռուցման, հաշվարկվում է սույն որոշման N 3 հավելվածում ներկայացված նորմերով: Ընդ որում`

նորմերում չընդգրկված վերելակների, ներքին հեռախոսակայանների, արտաքին լուսավորության և այլ հատուկ սարքերի Էլեկտրական էներգիայի ծախսերը հաշվարկվում են այդ սարքերի տեխնիկական անձնագրերում նշված դրվածքային հզորությունները (կվտ) բազմապատկելով տարվա ընթացքում շահագործման ժամերի քանակով,

օրական 8 ժամից ավելի շահագործվող համակարգիչների համար էլեկտրական էներգիայի լրացուցիչ ծախսը հաշվարկվում է տարվա ընթացքում շահագործման լրացուցիչ ժամերի քանակը բազմապատկելով 0,48 կվտ գժ նորմայով.

գ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինների` ջեռուցման, վառելիքի և էլեկտրական էներգիայի տարեկան ծախսերը հաշվարկվում են սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված կարգով հաշվարկված ծավալները բազմապատկելով համապատասխան սակագներով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: